Իտալիայի Սենատը չորեքշաբթի վերջնականապես հավանություն տվեց օրենքին, որը իրավական հիմք է ստեղծում երկրի՝ ատոմային էներգետիկային հնարավոր վերադարձի համար՝ դրանից հրաժարվելուց գրեթե 40 տարի անց, երբ այդ որոշումն ընդունվել էր Չեռնոբիլի աղետի ֆոնին, հաղորդում է Associated Press-ը։

Օրինագծին աջակցել է 81 սենատոր, 51-ը քվեարկել է դեմ, ևս յոթը ձեռնպահ են մնացել։ Ավելի վաղ փաստաթուղթը հավանության էր արժանացել Պատգամավորների պալատում։

Ընդունված օրենքն ուղղակիորեն չի թույլատրում նոր ատոմային էլեկտրակայաններ կառուցել։ Այն ստեղծում է հաջորդ սերնդի ռեակտորների կիրառման նորմատիվային բազա և կառավարությանը տալիս է 12 ամիս՝ լիցենզավորման, անվտանգության չափանիշների, ռադիոակտիվ թափոնների կառավարման և ապագա օբյեկտների տեղակայման վայրերի ընտրության չափորոշիչները կարգավորող ենթաօրենսդրական ակտեր մշակելու համար։

Իտալիան հրաժարվել էր ատոմային էներգետիկայից 1987 թվականի հանրաքվեից հետո, որն անցկացվել էր Չեռնոբիլի ատոմակայանի վթարից անմիջապես հետո։ 2011 թվականին իտալացի ընտրողները կրկին մերժեցին ատոմային էներգետիկային վերադառնալու ծրագրերը՝ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո։

Վարչապետ Ջորջա Մելոնիի կառավարությունը կարծում է, որ էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը, կլիմայական նպատակները և էներգետիկ անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը պահանջում են ատոմային գեներացիայի վերադարձը երկրի էներգետիկ հաշվեկշիռ։ Լրացուցիչ գործոն են դարձել Ռուսաստանի ներխուժման հետևանքները Ուկրաինա և դրան առչնվող ռիսկերը եվրոպական էներգետիկ անվտանգության համար։

Միաժամանակ, Հռոմը խաղադրույք չի կատարում նախորդ սերնդի խոշոր ռեակտորների վրա, այլ՝ փոքր մոդուլային ռեակտորների (SMR) և այլ ժամանակակից միջուկային տեխնոլոգիաների։ Դրանց կողմնակիցները կարծում են, որ նման կայանքները կարող են լինել ավելի ճկուն և ավելի արագ կառուցվել։

Սակայն Իտալիայի առջև շարունակում են մնալ մի շարք լուրջ հարցեր։ Երկրում մինչ այժմ նախկին միջուկային ծրագրից մնացած ռադիոակտիվ թափոնների մշտական ազգային պահեստարան չկա։ Ապագա նախագծերը կարող են նաև բախվել տեղական բնակիչների դիմադրությանը։

Փորձագետներն առանձին նշում են ատոմային նախագծերի բարձր արժեքը և Եվրոպայում խոշոր մասշտաբներով առևտրային շահագործման մեջ գտնվող SMR-ների բացակայությունը։ Ոլորտի գնահատականներով՝ 300 ՄՎտ հզորությամբ մեկ ռեակտորի կառուցումը կարող է արժենալ 3-6 միլիարդ եվրո՝ առանց լրացուցիչ ենթակառուցվածքների և էլեկտրացանցին միացման ծախսերի հաշվառման։

Իտալիան դարձավ եվրոպական այն երկրներից մեկը, որոնք կրկին դիտարկում են ատոմային էներգետիկան որպես ածխաթթու գազի արտանետումները և ներմուծվող հանածո վառելիքից կախվածությունը նվազեցնելու միջոց։ Ֆրանսիան և Լեհաստանն արդեն զարգացնում են կամ ծրագրում են ընդլայնել իրենց սեփական միջուկային ծրագրերը։