Դարեր ի վեր Հայաստանը գտնվել է տարբեր քաղաքակրթությունների ու կայսրությունների խաչմերուկում և անտիկ ժամանակներից ի վեր ականատեսն է եղել միջազգային համակարգի ձևափոխմանն ու էվոլյուցիային, իսկ այսօր, լինելով փոքր պետություն, եզակի հնարավորություն է ընձեռում յուրահատուկ դիտանկյունից նայելու միջազգային կարգին և վերաիմաստավորելու այն։ Սեպտեմբերի 24-ին Երևանի պետական համալսարանում ընթացող «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» գիտաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը։

Նրա խոսքով՝ դա նշանակում է միջազգային կարգը վերաիմաստավորել ոչ թե ուժային կենտրոնի դիրքերից, այլ ուղիների խաչմերուկում, տարբեր կայսրությունների ու գերտերությունների շահերի հատման կետում, քաղաքական հակամարտությունների, կրոնների և քաղաքակրթությունների բախման կիզակետում գտնվող փոքր պետության տեսանկյունից։

Այս համատեքստում նա նշել է, որ միջազգային կարգը, որպես սոցիալական կառույց, փոփոխական է, հետևաբար՝ նաև պատմական։ Իսկ քանի որ այն պատմական է, ապա կարելի է այն փոխել ու վերաիմաստավորել։ «Խոսելով «հեգեմոնիայից դուրս» աշխարհի մասին՝ մենք նկատի չունենք տերությունների բացակայությունը կամ նոր միջազգային կարգում ուժի գործոնի իսպառ բացառումը»,- ընդգծել է Եփրեմյանը։

Միջազգային կարգը վերաիմաստավորելիս նա կոչ է արել հաշվի առնել միջազգային հանրության երկու հիմնարար սկզբունքները՝ կարգն ու արդարությունը։ «Ուժային կենտրոնից նայելիս կարգն այլ տեսք ունի, իսկ ծայրամասից՝ փոքր պետության դիտանկյունից՝ բոլորովին այլ։ Կարգը վճռորոշ է կայունության համար, սակայն առանց միջազգային արդարության՝ այն կորցնում է իր լեգիտիմությունն ու կարող է խաթարվել»,- եզրափակել է Տիգրան Եփրեմյանը։