Միացյալ Նահանգները Սիրիային է վերադարձրել ավելի քան 5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 36 հնագիտական արժեք, հայտնել է Նյու Յորքի շրջանային դատախազ Էլվին Բրեգը։
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ չորեքշաբթի օրը տեղի է ունեցել մշակութային արժեքները Սիրիայի ժողովրդին փոխանցելու պաշտոնական արարողությունը։ Վերադարձված նմուշների թվում են Պալմիրայից հայտնաբերված քարե քանդակազարդ սալն ու հին հռոմեական առանձնատնից գողացված 14 եզակի խճանկարները։ Այս ցուցանմուշները լիբանանցի մաքսանենգ Ժորժ Լոտֆիի կողմից Նյու Յորք ապօրինի տեղափոխված 31 արտեֆակտների ցանկից են։ Վերջինս այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ։
Բացի այդ, Սիրիային փոխանցելու նպատակով 13 առարկա է առգրավվել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի հավաքածուից, իսկ ևս 4-ը՝ հնէաբանական իրերի խոշոր կոլեկցիոներ Մայքլ Ստեյնհարդտի անձնական հավաքածուից, ում նկատմամբ տարիներ շարունակ հետաքննություն էր ընթանում։
ԱՄՆ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամեդ Նասեր Կանատրիի խոսքով՝ հայ-ամերիկյան և սիրիա-ամերիկյան համագործակցության շնորհիվ սիրիական պատմության մի մասնիկը վերջապես տուն է վերադառնում։ «Այս ձեռքբերումը փաստում է, որ փոխադարձ հարգանքն ու մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերը կարող են ամուր կամուրջներ ձևավորել մեր երկրների միջև», — հավելել է դիվանագետը։




























