Շվեյցարիայում անցկացվում է համազգային քվեարկություն երկու ժողովրդական նախաձեռնությունների վերաբերյալ՝ չեզոքության կանոնների խստացման և պարենային անվտանգության ոլորտում քաղաքականության փոփոխման մասին, հաղորդում է Swissinfo-ն։
Ընտրողներին նաև առաջարկվում է կարծիք հայտնել մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ։ Համազգային քվեարկության արդյունքները սպասվում են կիրակի օրը՝ կեսօրից հետո։
Չեզոքության խստացման վերաբերյալ նախաձեռնությունն առաջարկում է Սահմանադրությունում ամրագրել ավելի խիստ և մանրամասն կանոններ, որոնք կսահմանեն երկրի քաղաքականությունը։ Շվեյցարական չեզոքության շուրջ քննարկումները հատկապես սրվել են Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո։
Առավել էական առաջարկվող փոփոխությունը վերաբերում է պատժամիջոցներին։ Նախաձեռնության ընդունման դեպքում Շվեյցարիան չի կարողանա ինքնուրույն կիրառել «ոչ ռազմական հարկադրանքի միջոցներ» զինված հակամարտություններին մասնակցող պետությունների նկատմամբ։ Բացառություն կկազմեն միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված պատժամիջոցները։
gfs.bern ինստիտուտի հարցման համաձայն, որն անցկացվել է սեպտեմբերի սկզբին Շվեյցարական հեռարձակման կորպորացիայի պատվերով, հարցվածների 63%-ը հանդես էր գալիս նախաձեռնության դեմ, 34%-ը աջակցում էր դրան, իսկ 3%-ը դեռ չէր կողմնորոշվել։ Իշխող կուսակցություններից այն աջակցում է միայն Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը։ Կառավարությունն ու խորհրդարանը դեմ են առաջարկությանը։
Համազգային քվեարկությունը վերաբերում է նաև պարենային անվտանգությանը։ Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են Շվեյցարիայի սննդով ինքնաբավության մակարդակը 46%-ից բարձրացնել առնվազն մինչև 70%։ Բացի այդ, նրանք հանդես են գալիս կենդանական ծագման մթերքների փոխարեն բուսական սննդի արտադրության և սպառման խթանման, ինչպես նաև ստորերկրյա ջրերի պաշտպանության ուժեղացման օգտին։
Սեպտեմբերի սկզբին նախաձեռնությանը աջակցում էր հարցվածների 33%-ը, 64%-ը դեմ էր, իսկ 3%-ը դեռ չէր կողմնորոշվել։ Երկրի հիմնական քաղաքական կուսակցություններից ոչ մեկը չի աջակցում առաջարկությանը. դրա օգտին հանդես են գալիս շվեյցարական «Կանաչները»։
Երկու նախաձեռնությունների ընդունման համար անհրաժեշտ է ոչ միայն քաղաքացիների ձայների մեծամասնությունը, այլև կանտոնների մեծամասնությունը։
Միաժամանակ առանձին կանտոններում և մունիցիպալիտետներում անցկացվում են տարածաշրջանային քվեարկություններ։ Օրինակ, Ժնևում ընտրողները որոշում են, թե արդյոք կանտոնը պետք է վճարի հակաբեղմնավորիչների համար։
Ցյուրիխում քվեարկության է դրվել նախաձեռնություն, որը նախատեսում է պարտադիր թույլատրել օժանդակված ինքնասպանությունը բոլոր ծերանոցներում և խնամքի հաստատություններում։




























