Լիտվայի ներքին գործերի նախարարությունը առաջարկում է ոստիկանությանը և մյուս իրավապահ մարմիններին վերադարձնել նախազգուշական կրակոցներ արձակելու հնարավորությունը և մեղմել հրազենի կիրառման գործող սահմանափակումները, հաղորդում է LRT-ն։
Գերատեսչությունում կարծում են, որ փոփոխությունները թույլ կտան ավելի լավ պաշտպանել աշխատակիցներին արագ զարգացող վտանգավոր իրավիճակներում։
Ներկայումս իրավապահը կարող է զենք կիրառել, եթե առկա է անխուսափելի վտանգ և ծայրահեղ անհրաժեշտություն։ ՆԳՆ-ն առաջարկում է հրաժարվել այս կոնկրետ չափանիշներից, քանի որ, ներքին գործերի նախարար Մարտինաս Կատելինասի կարծիքով, աշխատակցի համար երբեմն դժվար է մի քանի վայրկյանում օբյեկտիվ գնահատել իրավիճակը։
«Եթե պետությունը աշխատակցին հանձնարարում է կատարել այս աշխատանքը, և նա որոշում կայացնելու համար ունի մեկից տասը վայրկյան, կարո՞ղ է նա գնահատել, թե արդյոք գոյություն ունի անխուսափելի վտանգ», — ասել է Կատելինասը։
Միևնույն ժամանակ նախարարությունում ընդգծում են, որ հրազենը նախկինի պես պետք է մնա ծայրահեղ միջոց, իսկ դրա կիրառման դեպքում անհրաժեշտ է հնարավորինս նվազագույն վնաս պատճառել։
Առաջարկվող ևս մեկ փոփոխություն նախազգուշական կրակոցի վերադարձն է։ Այդ հնարավորությունը Լիտվայում վերացվել էր մոտ տասը տարի առաջ։ ՆԳՆ-ում կարծում են, որ կրակոցը կարող էր դառնալ մարդուն նախազգուշացնելու և իրավիճակի սրումը կանխելու լրացուցիչ միջոց, երբ միայն բանավոր նախազգուշացումը բավարար չէ։
Նախկին ոստիկան և հրահանգիչ Դալիուս Մակելան հանդես է եկել այս պրակտիկան վերադարձնելու դեմ։ Նա նշել է, որ օդ արձակված գնդակը չի անհետանում և ընկնելիս կարող է վտանգ ներկայացնել մարդկանց համար։
Իրավապահների կողմից զենքի օգտագործման շուրջ քննարկումը սրվել է այն բանից հետո, երբ այս ամռանը անօրինական միգրանտների խումբը հարձակվել էր սահմանապահ ծառայության աշխատակիցների վրա։ ՆԳՆ-ն նաև առաջարկում է սահմանապահներին ավելի լայն հնարավորություններ տալ զենք կիրառելու՝ ապօրինի սահմանահատման ժամանակ օգտագործվող սարքավորումների դեմ, օրինակ՝ սանդուղքների կամ թունելների։
Կատելինասի հավաստիացմամբ, այն աշխատակիցներին, որոնք զենք են կիրառել կասկածյալի դեմ, կերաշխավորվի իրավաբանական և հոգեբանական օգնություն։
Սակայն ոստիկանության արհմիությունները հայտարարում են, որ օրենսդրական փոփոխություններն ինքնին չեն լուծի իրավապահների խնդիրները։ Նրանք առաջին հերթին պահանջում են տարբեր գերատեսչությունների միջև համաձայնեցնել զենքի կամ հատուկ միջոցների կիրառությունից հետո գործողությունների կարգը, որպեսզի աշխատակիցները չբախվեն բազմամյա դատական քաշքշուկների։
Արհմիությունները նաև քննադատում են ՆԳՆ-ին այն բանի համար, որ իրենց չեն ներգրավել առաջարկությունների պատրաստման գործընթացում։ Կազմակերպությունների ներկայացուցիչները հիշեցրել են ոստիկանության և սահմանապահ ծառայության աշխատակիցների դեմ հարուցված մի քանի երկարատև գործերի մասին։
Կատելինասը հայտարարել է, որ արհմիությունները կկարողանան իրենց կարծիքը հայտնել քննարկման հաջորդ փուլում։ Ըստ նրա, անվտանգության ոլորտում փոխված իրավիճակը պահանջում է հարմարեցնել իրավապահ մարմինների աշխատանքը կարգավորող կանոնները։



























