Միջազգային իրավունքի փորձագետ, ELL PARTNERSHIP-ի հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանն անբարոյականության և տգիտության դրսևորում է համարում ռազմագերիների վերաբերյալ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները։

Սիվիլնեթի եթերում Բաքվում պահվող հայ գերիների հիմնախնդրի շուրջ քննարկման ժամանակ Սիմոնյանը, անդրադառնալով այն դիտարկմանը, թե ՄԻԵԴ է դիմել ոչ թե Հայաստանի պետությունը, այլ մասնավոր փաստաբանները (Սիրանուշ Սահակյանը), արձանագրեց, որ քաղաքացիների հրապարակային շահերի պաշտպանությունը կառավարության սահմանադրական պարտականությունն է։ Ըստ այդմ՝ իրավաբանը հիշեցրեց, որ քաղաքացիները կարող են իշխանությունների անգործությունը վիճարկել դատարանում։

Պատասխանելով իշխանական պատգամավորների հայտարարությունների վերաբերյալ հարցին, որոնցից մեկն Արդբեջանի գործողությունները «արդարացրել» էր նրանով, թե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ևս գերիներին երկար ժամանակ չէին վերադարձնում, իսկ մյուսը որոշել էր պաշտպանել Ադրբեջանի վարկանիշը, փորձագետն ընդգծեց, որ որոշ դեպքերում նման հայտարարությունները կարող են ընկալվել որպես պետության պաշտոնական դիրքորոշում, և սա հենց այդպիսի դեպք է։ «Չի կարելի տգիտության քարոզչություն անել։ Ինչու՞ Երկրորդ համաշխարհային պատերազմը, եկեք գնանք 1000 տարի հետ, այն ժամանակ գերիներին ստրկության էին վաճառում։ Սրանով բացատրեք ձեր անգործությունը։ Ի՞նչ է սա, եթե ոչ անբարոյականություն և տգիտություն», — նշեց իրավաբանը։ Նա նաև ընդգծեց, որ հայկական կողմը չի օգտագործում միջազգային դատական համակարգի և իրավական փաստաթղթերի ընձեռած բոլոր հնարավորությունները, օրինակ՝ չեն կիրառվում Պատանդների վերցման դեմ կոնվենցիայի կամ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի հնարավորությունները, մինչդեռ դրանք կարող էին առավելություն տալ բանակցություններում։ Սիմոնյանն արձանագրեց, որ գերիների դեմքերին առկա կապտուկները խոշտանգումների հետևանք են։ Խախտելով Սահմանադրությունը՝ Հայաստանի իշխանությունները խոսում են միջազգային դատարաններից հայցերը հետ կանչելու մասին, սակայն մասնավոր անձինք նման դիմումներում սահմանափակված են, մինչդեռ պետության ներկայացրած հայցերն քննվում են ավելի արագ ձևով, նշել է իրավաբանը։