Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 102-ամյա մի կին, իրականացվել է գրեթե 90 փրկարարական գործողություն, հաղորդել է Euronews-ը։

Ալբասետե նահանգի Մադրիգերաս քաղաքում հեղեղվել է գրեթե ամբողջ բնակավայրն այն բանից հետո, երբ կարճ ժամանակում մեկ քառակուսի մետրի հաշվարկով տեղացել են մինչև 142 լիտր տեղումներ։

Զոհված կնոջը հայտնաբերել են իր տանը։ Շենքի ներսում ջրի մակարդակը գերազանցել է մեկ մետրը։ Ուրբաթ օրվա ընթացքում և գիշերվա առաջին ժամերին արտակարգ ծառայություններն իրականացրել են մոտ 90 փրկարարական գործողություն՝ հիմնականում տարհանելով մարդկանց այն տներից, ուր ջուրն արագ էր ներթափանցում։ Տարածաշրջանային իշխանությունների տվյալներով՝ շատ բնակիչներ զանգահարել են արտակարգ ծառայություններ՝ վախիեց և չիմանալով ինչպես վարվել։

Մադրիգերասում ծավալվել է լայնածավալ փրկարարական գործողություն, գործարկվել է անբարենպաստ եղանակային երևույթներին արձագանքելու տարածաշրջանային METEOCAM ծրագիրը։ Ջրի նահանջից հետո փրկարարներն անցել են փողոցների մաքրմանն ու այն ավտոմեքենաների հեռացմանը, որոնք ջրածածկվել էին կամ քշվել հոսանքի կողմից։ Քաղաքի շրջակայքում մի քանի ճանապարհներ փակվել են։

Հորդառատ անձրևներն ազդել են նաև Իսպանիայի այլ շրջանների վրա։ Հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել Կատալոնիայում և երկրի արևելքում։ Շաբաթ օրվա համար մի շարք շրջաններում հայտարարվել են նախազգուշացումներ ինտենսիվ տեղումների և ամպրոպների մասին, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Կատալոնիայում հորդառատ անձրևների պատճառով գործում է վտանգի կարմիր մակարդակ։

Անկայուն եղանակը կպահպանվի ողջ հանգստյան օրերին։ Կիրակի սպասվում են նոր անձրևներ և ամպրոպներ Պիրենեյան թերակղզու զգալի մասում․ օդերևութաբանները չեն բացառում DANA-ի՝ բարձրության վրա ձևավորվող ցածր ճնշման գոտու ձևավորումը, որը կարող է հանգեցնել նոր ուժեղ տեղումների, այդ թվում՝ Իսպանիայի արևմուտքում։