«Ռեգնում» գործակալության երեւանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրձելյանին մայիսի 12-ին ժամը 23-ի սահմաններում դաժան ծեծի ենթարկելու միջադեպի հետ կապված Հատուկ քննչական ծառայությունում դեռեւս նյութեր են նախապատրաստվում, քրգործ դեռ չի հարուցվել: Այս մասին, NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՔԾ-ից:

«2012 թվականի մայիսի 12-ին` ժամը 23-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 36-րդ շենքի բակում Ռուբեն Գրդզելյանի եւ  դատախազության աշխատակից Մեսրոպ Մանրիկյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր: Բացատրություն տալու համար ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրվել միջադեպի մասնակիցները: Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել պարզելու դեպքի ականատեսներին ու հնարավոր այլ մասնակիցներին»,- հայտնել են նրանք:

ՀՔԾ-ի փոխանցմամբ` նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ ինչպես Ռուբեն Գրդզելյանի, այնպես էլ Մեսրոպ Մանրիկյանի վերաբերյալ:

«Փորձագետի եզրակացությունները ստանալուց եւ մյուս գործողություններն ավարտելուց հետո դրանց արդյունքներով կկայացվի համապատասխան դատավարական որոշում»,- հայտնել են նրանք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ռեգնում» գործակալության երեւանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանին դաժան ծեծի են ենթարկել: Գործակալության տվյալներով, հարձակումն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, որոնց մեջ, ինչպես հաջողվել է պարզել ավելի ուշ, եղել է Կոտայքի մարզի քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մ. Մանրիկյանը: Միջադեպը տեղի է ունեցել տուժածի մոր, երկու անչափահաս երեխաների, ազգականի եւ 9 ամսական հղի կնոջ ներկայությամբ:

Ըստ գործակալության, ընդհարման համար պատճառ է դարձել այն, որ երեխաները խանգարել են բակից դուրս եկող մեքենայի ընթացքին, որում, ենթադրաբար, եղել է Մանրիկյանի որդին: Մանրիկյան-ավագի հետ լեզվակռիվն ավարտվել է նրանով, որ վերջինս հարվածել է Գրդզելյանին: Պատասխան ստանալով` Մանրիկյանն ու նրան ուղեկցող անձը հարձակվել են լրագրողի վրա, ապա նրանց են միացել  Մանրիկյանի որդին ու եւս մեկ անձ: Չորս հարձակվողներն սկսել են խփել Գրձելյանին, ով արդեն գտնվել է գետնին:

Դեպքից հետո Ռուբեն Գրդզելյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Էրեբունու բաժին, բուժզննում անցել, որի արդյունքում նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել: Դիմումը ներկայացնելու պահին լրագրողը չի իմացել, որ իրեն ծեծողների մեջ եղել է բարձրաստիճան պաշտոնյա: Դա պարզվել է առավոտյան ականատեսների խոսքից եւ գործընկերների անցկացրած լրագրողական հետաքննության արդյունքում: