Էրիթրեայի ֆուտբոլի հավաքականը Նայրոբիում կայացած Արեւելյան եւ Կենտրոնական Աֆրիկայի քառորդ եզրափակիչ խաղերից հետո հայրենիք չի վերադարձել:
Հավաքականը հրաժարվել է հետ վերադառնալ տուն եւ նրա գտնվելու վայրը ներկայումս անհայտ է: Երկրի մայրաքաղաք ԱսմԷր վերադարձել են միայն մարզիչը եւ զինվորական պաշտոնյան, ով ուղեկցում էր թիմին Քենիա:
Առաջնության կազմակերպիչներից Նիկոլաս Մուսոնյեն հայտնել է, որ սա նմանատիպ երրորդ դեպքն է եւ հավատացրել է, որ ֆուտբոլիստները Նայրոբիում են, որտեղ շատ էրիթրեացիներ կան:
Նշենք, որ 2006 թվականին Էրիթրեայի «Ռեդ Սի» ակումբի 4 խաղացող Աֆրիկայի չեմպիոնների լիգայի խաղից հետո մնացել են Քենիայում: Դրանից հետո ամեն անգամ արտասահման մեկնելիս կառավարությունը ֆուտբոլիստներից գրավ է վերցնում եւ նրանց հետ ուղարկում նաեւ պաշտոնատար անձանց: Սակայն այս միջոցները ոչ մի կերպ չեն զսպում «փախչողների» հոսքը:
Նշենք, որ Էրիթրեան աշխարհի ամենաղքատ պետություններից է: Տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա:



























