Երևանի քաղաքապետարանի՝ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի այցը ֆինանսավորելու որոշումը քննադատություն է առաջացրել Հայաստանում՝ քաղաքային չլուծված խնդիրների և բյուջետային միջոցների օգտագործման շուրջ խոշոր համերգների հետ կապված վեճերի ֆոնին։ «Տերմինատոր», «Այլմոլորակայիններ», «Տիտանիկ» և «Ավատար» ֆիլմերի ռեժիսորը հոկտեմբերին կայցելի Հայաստան՝ Երևանում կինոարդյունաբերության ներկայացուցիչների և երկրպագուների հետ հանդիպելու համար։

Քեմերոնի այցը ֆինանսավորում է Երևանի քաղաքապետարանը։ Միևնույն ժամանակ, իշխանությունները դեռ չեն հայտնել, թե ինչ գումար է հատկացվել ռեժիսորի այցի համար։ «Զրույց Ջեյմս Քեմերոնի հետ․ կինոյի լեգենդը Երևանում» խորագրով միջոցառման տոմսերն արժեն 5 հազար դրամից (մոտ 14 ԱՄՆ դոլար) մինչև 150 հազար դրամ (մոտ 415 ԱՄՆ դոլար), գրում է OC Media-ի համար Անի Գուլինյանը։

Կազմակերպիչը Mezzo Production ընկերությունն է։ Նախաձեռնությունը պատկանում է քաղաքապետարանին։

Ինչպես նշում է պարբերականը, քաղաքապետարանում հանդիպումն անվանել են մեր ժամանակների ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկի հետ շփվելու, կինոյի աշխարհի նրա պատմությունները լսելու և հայտնի կինոնախագծերի հիմքում ընկած ստեղծագործական մոտեցման մասին իմանալու եզակի հնարավորություն։

Վերջին տարիներին քաղաքային իշխանություններն ու Հայաստանի կառավարությունն ակտիվորեն մասնակցում են միջոցառումների, համերգների, հանդիպումների և փառատոների կազմակերպմանը։ Սակայն նման նախագծերի համար պետական միջոցների օգտագործումը հարցեր է առաջացնում՝ նախորդ դեպքերի ֆոնին, երբ կազմակերպիչները չեն վերադարձրել բյուջետային ֆինանսավորումը, ընդգծում է հոդվածի հեղինակը։

Այսպես, Հայաստանի կառավարությունը փորձում է վերադարձնել մոտ 6 միլիոն դոլարի մի մասը, որը ծախսվել էր ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի՝ 2025 թվականի օգոստոսին Երևանում անցկացված համերգի վրա։ Միջոցառումը ֆինանսավորվել էր պետական բյուջեից, սակայն դրա կազմակերպմամբ զբաղվել էր Doping Space մասնավոր ընկերությունը։ Տոմսերը վաճառվում էին 69-493 դոլար գնով։

«Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունը բացահայտել է, որ ընկերությունը հատկացված միջոցներից չի օգտագործել ավելի քան 500 միլիոն դրամ՝ մոտ 1,4 միլիոն դոլար։ Հայաստանի կրթության նախարարությանը չի հաջողվել վերադարձնել այդ գումարը։

Նույն ընկերությունը պետական բյուջեից ստացել էր 6 միլիոն դոլար՝ ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ Երևանում նախատեսված համերգի կազմակերպման համար։ Սակայն համերգն այդպես էլ տեղի չունեցավ, իսկ գումարը մինչ օրս չի վերադարձվել։ Կառավարությունը միջոցառման տապալման պատասխանատվությունը դրել էր կազմակերպչի վրա, որը 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո չէր հետաձգել ելույթը, և պահանջել էր վերադարձնել ֆինանսավորումը։

Այս ֆոնին հայկական սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատել են Քեմերոնի այցը վճարելու որոշումը։ Ոմանք հայտարարել են, որ քաղաքապետարանն, ըստ էության, վերածվել է միջոցառումների կազմակերպման գործակալության, մինչդեռ քաղաքը շարունակում է բախվել ճանապարհների որակի, օդի աղտոտվածության և ճանապարհային երթևեկության կարգավորման խնդիրներին։