Ցյուրիխի շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի դուստր ընկերությունը մշակել է անվադողերի միջոցով էլեկտրոբուսների լիցքավորման համակարգ, որը ստացել է Winduction անվանումը։ Ինչպես հայտնել են ընկերությունում, էներգիայի փոխանցման արդյունավետությունը գերազանցում է 90%-ը, ինչը թույլ է տալիս փոքրացնել հիմնական մարտկոցների չափսերը։

Ինչպես հայտնում է «Տեխկուլտ»-ը, ներկայումս Վինտերտուր քաղաքում ստեղծվում է փորձարկման ենթակառուցվածք, որտեղ 2028 թվականին կթողարկվի ուղևորներով առաջին վերալիցքավորվող էլեկտրոբուսը։ Ներկայումս գործող անլար լիցքավորման սարքերը էներգիան փոխանցում են գետնի մեջ տեղադրված կոճից դեպի տրանսպորտային միջոցի հատակի տակ գտնվող կոճը: Փոխանցման արդյունավետությունը կախված է դրանց միջև եղած հեռավորությունից:

Winduction համակարգում կոճը ներկառուցված է ճանապարհածածկի մեջ և միացված է էլեկտրացանցին: Երկրորդ կոճը տեղադրվում է անվադողի ներսում և էներգիան ստանում է կանգառի ընթացքում, որից հետո այն փոխանցում է մարտկոցին: Ճանապարհածածկի և անվադողի միջև ավելի կարճ հեռավորության շնորհիվ փոխանցման կորուստը չի գերազանցում 10%-ը:

Այնուամենայնիվ, այս էներգաարդյունավետ համակարգն էլ ունի խնդիրներ՝ կապված առաջին հերթին նյութերի հետ: Սովորական ավտոբուսային անվադողերը, որոնցում ամրության համար օգտագործվում են պողպատե ժապավեններ, հարմար չեն, քանի որ մագնիսական դաշտի հետ փոխազդեցության հետևանքով տաքանում են: Ուստի մշակողներն աշխատում են առանց պողպատի նոր անվադողերի ստեղծման ուղղությամբ։ Դրանք զգալիորեն ավելի թանկ կլինեն, սակայն ժամանակի ընթացքում կարդարացնեն իրենց ծախսերը շահագործման ընթացքում:

Winduction համակարգով հագեցած էլեկտրոբուսները երթևեկելու են Ցյուրիխ-Էրլիկոնի և Ցյուրիխի օդանավակայանի միջև: Լիցքավորման կայաններ կպահանջվեն 24 կանգառներից միայն երկուսում։ 16 ժամվա աշխատանքի ընթացքում ավտոբուսների լիցքավորման համար կպահանջվի երեք ժամ։ Համեմատության համար նշենք, որ այս երթուղու ներկայումս գործող էլեկտրոբուսները գիշերները լիցքավորվում են դեպոյում՝ հինգ ժամվա ընթացքում։