Հավանության է արժանացել Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ջրային ոլորտի ենթակառուցվածքների ֆինանսավորման համաձայնագրին կից փաստաթղթի ստորագրման առաջարկությունը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացման աշխատանքներ իրականացնել Հայաստանի 7 մարզերում։
Սկզբնապես նախատեսվում էր 25,5 միլիոն եվրո տրամադրել վարկային միջոցների տեսքով, սակայն ժամանակի ընթացքում այդ միջոցներից շուրջ 8,8 միլիոն եվրոն չեղարկվել է։
Ֆինանսավորման համաձայնագրում կատարված փոփոխությամբ վարկային միջոցների հասանելիության ժամկետը երկարաձգվել էր մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը։ Չօգտագործված միջոցների ընդհանուր գումարը կազմում է 3,06 միլիոն եվրո։
Նշված որոշմամբ նախատեսվում է վարկային միջոցների հասանելիության վերջնական ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը։




























