Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Starlink արբանյակային համակարգի աշխատանքի արագությունն առայժմ չի վերականգնվել նախկին մակարդակին։ Ըստ նրա՝ սահմանափակումները բարդացրել են համակարգի օգտագործումն ուկրաինացի զինվորականների համար, մասնավորապես՝ ռուսական ռեակտիվ անօդաչու թռչող սարքերից պաշտպանության առումով։
Լրագրողների հարցերին պատասխանելով լրատվամիջոցների այն հաղորդումների վերաբերյալ, ըստ որոնց Ուկրաինայում ավարտվում են ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի համար նախատեսված հրթիռ-որսիչները, Զելենսկին ընդունել է, որ երկիրը Եվրոպայի կողմից ֆինանսավորվող մատակարարումների առաջնահերթ ուղղությունը չէ։ Միևնույն ժամանակ նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին ցուցաբերվող ցանկացած օգնության համար, գրում է Guardian-ը։
«Մենք դրանք վերցնում ենք այնտեղից, որտեղ կարող ենք՝ մեկը-երկուսը այստեղ, հինգը այնտեղ, տասը՝ մեկ այլ վայրում։ Այդ ամենը կազմակերպում ենք և հասցնում Ուկրաինա»,- ասել է նախագահը։
Նա նշել է, որ Ուկրաինան նաև մի շարք երկրների, դրանց թվում՝ Ֆրանսիայի հետ, աշխատում է Starlink-ի օգտագործման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։
Զելենսկին անդրադարձել է նաև հետախուզական տվյալների փոխանակման հարցին։ Նա հայտարարել է, որ Ուկրաինային հետախուզական տեղեկություններ են փոխանցում բազմաթիվ պետություններ՝ «տասնյակ երկրներ»։
Պատասխանելով ԱՄՆ-ի հետ հետախուզության ոլորտում համագործակցության վիճակի, ինչպես նաև Starlink-ի և դրա ռազմական տարբերակի՝ Starshield-ի աշխատանքի մասին հարցին, Ուկրաինայի նախագահը պարզաբանել է, որ զինվորականների արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է կապի արագության որոշակի մակարդակ։
Ըստ նրա՝ խոսքը Ռուսաստանի տարածքի նկատմամբ հեռահար հարվածներ ապահովելու մասին չէ, այլ պաշտպանական խնդիրների, առաջին հերթին՝ ռուսական ռեակտիվ անօդաչուներին հակազդելու մասին։
«Հենց այդ պատճառով սա դարձավ շատ վտանգավոր և տհաճ անակնկալ»,- հայտարարել է Զելենսկին։
Նա պնդում է, որ Starlink-ն ամբողջությամբ չեն անջատել, սակայն սահմանափակել են կապի արագությունը։ Ըստ Զելենսկու՝ դա ուկրաինական ուժերին զրկել է որոշ Shahed անօդաչուներ խոցելու և բնակչության պաշտպանության գործիքներից մեկը կիրառելու հնարավորությունից։
Զելենսկին նշել է, որ ռեակտիվ Shahed-ները զարգացնում են մոտ 400 կմ/ժ արագություն, մինչդեռ սահմանված կապի արագության սահմանափակումը, նրա տվյալներով, կազմել է 70 կմ/ժ։
Նա հավելել է, որ Starlink տեխնոլոգիաներն օգտագործվում են նաև միջին հեռահարության հարվածների համար՝ ռազմական թիրախների դեմ, ինչպես նաև լոգիստիկայի ապահովման նպատակով։
«Մեր Պաշտպանության նախարարությունը կապ է պահպանում գործընկերների հետ։ Ինձ հայտնել են, որ Սպիտակ տնից ազդակներ են եղել այդ հնարավորությունները վերադարձնելու պատրաստակամության մասին։ Վերականգնվե՞լ են արդյոք նախկին հնարավորությունները, նախկին արագության սահմանափակումները։ Ո՛չ։ Բայց հնարավորությունների վերադարձն արդեն ընթանում է»,- ասել է Զելենսկին։





























