Ավստրիական «Կանաչներ» կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Լենա Շիլլինգը պատմել է, որ առանց իր համաձայնության համացանցում տարածվել են արհեստական բանականության միջոցով ստեղծված իր մերկ պատկերները։ Նա Եվրամիությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել նման նյութերի դեմ, հաղորդում է The Guardian-ը։

Agora Digitale Transformation վերլուծական կենտրոնի զեկույցի համաձայն, սեռականացված դիպֆեյքերի զոհ է դարձել Եվրախորհրդարանի 50 պատգամավոր, այդ թվում՝ 46 կին։

Շիլլինգը կեղծ պատկերների մասին իմացել է անցյալ ամիս։ Հղումներով անցնելով՝ նա տեսել է իր առաջին մամուլի ասուլիսներից մեկի լուսանկարները, որոնցում թվային եղանակով հեռացրել էին նրա հագուստը։

«Ես զզվանք զգացի։ Հիշում եմ, թե որքան էի նյարդայնանում և որքան մանրակրկիտ էի պատրաստվում մամուլի ասուլիսին։ Շատ դժվար էր գիտակցել, որ ինչ-որ մեկն օգտագործել է այդ լուսանկարները՝ ինձ վնասելու և նվաստացնելու համար», — պատմել է պատգամավորը։

Agora Digitale Transformation-ի գնահատմամբ, պոռնոգրաֆիկ դիպֆեյքերի տարածումը դարձել է եվրոպական քաղաքականությունում կանանց համար համակարգային սպառնալիք։ Կազմակերպության ավելի վաղ ուսումնասիրության մեջ նշվում էր, որ նման նյութերը առնչվել են Եվրամիության 22 երկրներից 138 կին պատգամավորների։ Կանայք տղամարդկանցից 33 անգամ ավելի հաճախ են պատկերված եղել նման նյութերում կամ առնչություն ունեցել դրանց հետ։

Շիլլինգը նման պատկերներն անվանել է կանանց նկատմամբ թվային բռնության ձև, որը լրացնում է սեքսիստական վիրավորանքները, ոտնձգություններն ու սպառնալիքները, որոնց կանայք բախվում են քաղաքականության մեջ։ Ըստ նրա, նման հարձակումները կարող են վախեցնել կանանց հասարակական կյանքին մասնակցելուց և ի վերջո սպառնալ ժողովրդավարությանը։

Պատգամավորը խոսել է նաև տուժած մյուս գործընկերների հետ։ Նրանցից ոմանք վախենում են հրապարակայնորեն պատմել տեղի ունեցածի մասին։ Շիլլինգը շեշտել է, որ զոհերն ամաչելու ոչինչ չունեն․ պատասխանատվությունը նրանց վրա է, ովքեր օգտագործում են նրանց լուսանկարներն առանց թույլտվության։

Շիլլինգի և գերմանացի «Կանաչներ»-ից պատգամավոր Թերի Ռայնտկեի նախաձեռնած նամակում Եվրախորհրդարանի 119 անդամներ կոչ են արել ապահովել առաջիկա արգելքի իրական կիրարկումը այն հավելվածների և կայքերի նկատմամբ, որոնք օգտագործում են արհեստական բանականությունը կանանց մերկ պատկերներ ստեղծելու համար՝ առանց նրանց համաձայնության։ Արգելքը պետք է ուժի մեջ մտնի ամբողջ ԵՄ-ում դեկտեմբերի 2-ից։ Նամակի հեղինակները զգուշացնում են, որ միայն օրենսդրական արգելքը բավարար չէ առանց վերահսկողության մեխանիզմների և խախտողների պատժի։

Շիլլինգը հայտարարել է, որ Եվրամիության երկրների իշխանությունները պետք է փակեն այն սողանցքները, որոնք նման ծառայություններին թույլ են տալիս շարունակել աշխատանքը։ Նրա կարծիքով, քաղաքականությամբ զբաղվելու որոշում կայացրած յուրաքանչյուր կին պետք է հնարավորություն ունենա դա անել՝ չվախենալով, որ իր պատկերն առանց իր համաձայնության կխեղաթյուրվի։