«Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, ակնհայտորեն, դրանց վավերացման գործընթացի ձգձգում է գնում, իսկ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-թուրքական համատեղ ներկայացում»,- դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Արմեն Աղայանը։
Նշելով, որ տպավորություն է ստեղծվում, թե արձանագրություններն այդպես էլ երբեւէ չեն վավերացվի, նա, այնուամենայնիվ, չբացառեց, որ դրանք մի օր թաքուն եւ անսպասելի կերպով, գուցե կեսգիշերին արված համատեղ հայտարարությամբ ուժի մեջ կմտնեն։ «ՀՀ իշխանությունների գործողությունները ապրիլյան ճանապարհային քարտեզի թատրոնի շարունակությունն են, իսկ նրանց՝ թուրքական կողմին ուղղված հոխորտանքները նախատեսված են բացառապես ներքին շուկայի սպառման համար»,-համոզմունք հայտնեց նա։
Քաղաքագետը նշեց նաեւ, որ «ֆուտբոլային դիվանագիտությունը» Հայաստանին կորուստներից բացի ոչինչ չտվեց։ Նրա խոսքով, հայկական կողմը արձանագրությունների ստորագրմամբ բարձր մակարդակով ճանաչեց Թուրքիայի իշխանությունը Արեւմտյան Հայաստանի վրա, ինչի մասին վերջիններս «տարիներ շարունակ երազում էին»։ «Սերժ Սարգսյանը եւ նրա խորհրդականները հայ-թուրքական գործընթացը հաշվարկելիս սխալվել են, սակայն ինքնաարդարացման համար շարունակում են համառել։ Այսպես, թե այնպես,Սերժ Սարգսյանի ծրագիրն, ի վերջո, տապալվելու է»,- համոզմունք հայտնեց նա՝ միեւնույն ժամանակ ավելացնելով, որ Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ամենաիրական ժամկետը կարող է լինել 2010թ. ապրիլի 24-ի նախօրեն։




























