Վլադիմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել երկրորդ ուլով՝ 5 կողմ ձայներով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, ՍԴ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը։

«Առաջին փուլում 6 ձայն էր պետք, Վարդանյանը հավաքեց 5 ձայն, երկրորդ փուլում էլի հավաքեց 5 ձայն, երկրորդ փուլի համար 5 ձայնը հերիք է։

Առաջին անգամ էլ, այս անգամ էլ ես էի առաջադրել Շաթիրյանի թեկնածությունը։ Այնպես չի, որ ես Վարդանյանին դեմ եմ, ես կարծում եմ, որ ավագության սկզբունքով պետք է դատավորները առաջխաղացում ունենան»,–ասաց նա։

Խաչատուրյանը համաձայնեց, որ որոշիչ է եղել հենց 5–րդ կողմ քվեարկած մարդու ձայնը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ նրա նկատմամբ ճնշումներ են եղել, որ կողմ քվեարկի Վարդանյանին, ՍԴ դատավորը պատասխանեց. «Առանց որևէ ապացույցի ես ոնց այդպիսի դիրքորոշում ունենամ»։

Դավիթ Խաչատուրյանը նշեց, որ առաին ընտրության ժամանակ թեկնածուները յուրաքանչյուրը մեկ ժամից ավելի ներկայացրել են իրենց ծրագրերը. «Շատ հարցեր տրվեցին, շատ նորմալ գործընթաց տեղի ունեցավ։Համենայն դեպս, շատ բաներ կան, որ դրսից չեն երևում, որ մենք պետք է հաշվի առնենք թեկնածուների դիրքորոշումները այդ հարցերի լուծման կապակցությամբ։ Հավատացեք այս առումով անձերը կոնկրետ ինձ համար շատ քիչ նշանակություն ունեն։ Պարոն Շաթիրյանի նախընտրական ծրագիրը ինձ համար շատ ավելի հոգեհարազատ էր, ավելի արդյունավետ լուծումներ էր տալիս»։