«Ես չեմ կարծում, թե Հայաստանը դուրս կգա Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացից»,- դեկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

Նրա խոսքով, միջազգային համաձայնագրերի ստորագրման, վավերացման եւ չեղյալ հայտարարելու գործընթացներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունն ընդամենը պատասխան էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ղարաբաղյան գործընթացի եւ թուրքական խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման միջեւ առկա կապի մասին: «Իրականում Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության հարցում ետ չի գնա»,- ասել է Դեմիրճյանը: Դրա հետ մեկտեղ, ՀԺԿ առաջնորդի կարծիքով, հայ-թուրքական եւ ղարաբաղյան գործընթացները շաղկապված են, եւ Թուրքիան չի վավերացնի արձանագրություններն առանց ղարաբաղյան հարցում առաջընթացի: «Սակայն, այն ինչ այսօր քննարկվում է ղարաբաղյան բանակցություններում, չի բխում հայկական կողմի շահերից»,- ընդգծեց Դեմիրճյանը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, թե Հայաստանի Սահմանադրական դատարանը, ամենայն հավանականությամբ, հավանություն կտա հայ-թուրքական արձանագրություններին: