Հայաստանն իր առջեւ նպատակ չի դրել պայմաններ թելադրել Թուրքիային: Այդ մասին հայտարարել է կառավարող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ հավելելով, թե կգա ժամանակը, երբ դա հնարավոր կլինի:

Նրա խոսքով, այսօր Հայաստանը հավատարիմ է այն սկզբունքներին, որ ընդունված է Եվրոպայում, այսինքն, ձգտում է բացել սահմանները: Սահակյանը նաեւ ողջունեց ընդդիմության առողջ քննադատությունը, որը պարբերաբար շեշտը դնում է հայ-թուրքական գործընթացում առկա վտանգների վրա: «Թուրքիան ոչ այսօր, ոչ վաղը չի կարող լինել մեր գործընկերը: Մենք ուղղակի օգտվում ենք այն իրավիճակից, որ ստեղծվել է»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե սպասեինք Թուրքիայի ժողովրդավար դառնալուն, կարող է շատ երկար սպասեինք:

Սահակյանը չբացառեց հնարավորությունը, թե Թուրքիան կձախողի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Միեւնույն ժամանակ նա հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանություններն ունեն համապատասխան ծրագիր՝ իրավիճակի նման զարգացման համար: Սակայն հրաժարվեց նշել այդ գործողությունները վաղօրոք՝ ասելով. «Եթե հարվածելու լինենք, ուրեմն կհարվածենք»: