ՈՒԵՖԱ-ն մեկ խաղով որակազրկել է մոսկովյան ԲԿՄԱ ակումբի ֆուտբոլիստներ Սերգեյ Իգնաշեւիչին եւ Ալեքսեյ Բերեզուցկուն՝ դոպինգ օգտագործելու համար, սակայն նրանք արդեն բաց են թողել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի խաղը՝ թուրքական «Բեշիկթաշի» հետ: Այնպես, որ հաջորդ հանդիպմանը նրանք մասնակցելու են: Այս մասին հաղորդում է REGNUM լրատվական գործակալությունը:
ՈւԵՖԱ-ի ընթացակարգը խախտելու համար բանակայիններին նաեւ տուգանել են 25 հազար եվրոյով:
ՈւԵՖԱ-ի որոշմամբ, ֆուտբոլիստները կկարողանան մասնակցել միայն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչին, որը կսկսվի գարնանը:
ՈւԵՖԱ-ի վերահսկիչ կարգապահական ատյանը երկու ֆուտբոլիստներին էլ զրկել է «Բեշիկթաշի» հետ խաղին մասնակցելուց՝ այն բանից հետո, երբ նոյեմբերի 3-ին «Մանչեստեր Յունայթեդի» հետ խաղից հետո դոպինգ-ստուգումները դրական արդյունքներ են տվել: Ակումբի պարզաբանմամբ, դեղահաբը, որը հայտնաբերվել էր դոպինգ փորձարկումների ժամանակ, արգելված չէ, սակայն նրա օգտագործման մասին անհրաժեշտ էր վաղօրոք տեղեկացնել ՈՒԵՖԱ-ին:




























