Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում գտնվող թուրքական առաջատար լրատվամիջոցների լրագրողներին:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը նշել է, թե սա լավ առիթ է լրատվամիջոցների, եւ նրանց միջոցով թուրքական հասարակության համար՝ առաջին ձեռքից տեղեկանալու տարբեր հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումներին եւ դիրքորոշումներին:

Թուրք լրագրողների հարցերը հիմնականում վերաբերել են հայ-թուրքական հարաբերություններին եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը:

Պատասխանելով հարցերին` նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որեւիցե այլ խնդրի հետ կապելը անհեռատես է, քանզի դա հակառակ է ոչ միայն ձեռք բերված համաձայնությունների տրամաբանությանը, տառին եւ ոգուն, այլեւ՝ ողջ միջազգային հանրության սկզբունքային դիրքորոշմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկխոսությունը սկսվել է փոխադարձ ըմբռնմամբ, որ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, համաձայնության մթնոլորտում, եւ այսօր նախապայմաններ առաջ քաշելը նշանակում է վերադառնալ այն փակ շրջանին, որտեղ մենք գտնվել ենք գործընթացը սկսելուց առաջ: «Այն կողմը, որը կփորձի նախապայմաններ առաջ քաշել, իր վրա կվերցնի համապատասխան հետեւանքների ողջ պատասխանատվությունը», — ասաց նախարար Նալբանդյանը: