«Մենք հույս ունենք, որ Թուրքիան չի ձեռնարկի քայլեր, որոնք կարող են ձախողել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնությունը: Եթե իրադարձությունները նման ընթացք ստանան, Հայաստանի խորհրդարանը չի վավերացնի հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրությունները»,- Hürriyet Daily News թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետն ասել է, թե հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել: «Սակայն, դատելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերից, փոփոխություններ է կրել Թուրքիայի դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ թուրքական խորհրդարանը կարող է նախապայմաններ առաջ քաշել: Եթե Թուրքիան նախապայմաններ առաջ քաշի, Հայաստանն ազատ է լինելու նույն կերպ վարվել: Մենք Թուրքիայի հետ խաղեր չենք խաղում, մենք պատրաստ ենք բաց եւ թափանցիկ արտաքին քաղաքականության: Մենք տարատեսակ հայտարարություններ չենք անում եւ այլընտրանք չենք տեսնում գործընթացի զարգացման համար: Եթե այն ձախողվի Թուրքիայի նախապայմանների պատճառով, վերջինս պետք է բացատրություններ տա պատճառների մասին: Թուրքիայի հեղինակությունն այդ դեպքում կասկածի տակ է դրվելու»,- ասել է Սարգսյանը:
Վարչապետը նշել է նաեւ, որ հայ-թուրքական սահմանի փակման համար մեղավոր է Թուրքիան:
Խոսելով փաստաթղթերի վավերացման մասին՝ Տիգրան Սարգսյանն ասել է, թե «ժամկետը թուրքական օրենսդրությունն է: Ուղղակի չի կարելի արհեստականորեն արգելակել գործընթացը»:
Ղարաբաղյան հակամարտության մասով Հայաստանի վարչապետը քննադատության է ենթարկել Ադրբեջանի կառավարությանը՝ ռազմատենչ հռետորաբանության համար եւ նշել, թե «մենք պատրաստ ենք պատերազմի, քանի որ դասեր ենք քաղել պատմությունից: Պատերազմից խուսափելու լավագույն միջոցը դրան պատրաստ լինելն է: Եթե Ադրբեջանը զգա, որ մենք պատրաստ չենք, հրադադարի ռեժիմի խախտումից հնարավոր չի լինի խուսափել: Ինչ վերաբերում է հայ-թուրքական եւ ղարաբաղյան գործընթացների շաղկապմանը, դա չի օգնելու հակամարտության կարգավորմանը, քանի որ Թուրքիան չեզոք կողմ չէ»:
Վարչապետը խոսել է նաեւ Ցեղասպանության մասին եւ ասել, թե «Ցեղասպանության հարցը հայերի համար մեծ նշանակություն ունի»: «Սակայն հայերը պետք է հաղթահարեն թուրք ժողովրդի նկատմամբ նախապաշարմունքները, այլապես մեզ չի հաջողվի խուսափել դժվարություններից: Այդ մասին ես ասել եմ նաեւ մեր խորհրդարանում: Իմ կարծիքով, Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի ճանաչումը կօգնի թուրք ժողովրդին՝ նոր մակարդակի վրա բարձրանալու համար: Դա նաեւ ԵՄ-ին լիակատար անդամակցումն է»,- ասել է վարչապետը:




























