Հայաստանն ու Թուրքիան ստորագրել են հայ-թուրքական արձանագրությունները ոչ նրա համար, որ ձգձգեն դրանց վավերացումը, այլ որպեսզի վավերացնեն եւ կարգավորեն մեր երկրների միջեւ հարաբերությունները: Այդ մասին թուրք լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: «Վստահ եմ, եթե ցանկությունը երկկողմանի չլիներ, եթե երկկողմ կամք չլիներ արձանագրությունները ստորագրելու, մենք չէինք կարողանա, չնայած բոլոր խոչընդոտներին եւ դժվարություններին, հասնել դրանց ստորագրմանը: Այսօր կան ստորագրված փաստաթղթեր, եւ հուսով ենք՝ դրանք կվավերացվեն ողջամիտ ժամկետներում»,- նշեց նա:
Նախարարը հստակեցրեց, որ ողջամիտ ժամկետ ասելով, նկատի ունի, որ «կողմերից եւ ոչ մեկն առաջ չի քաշի եւ չի ստեղծի արհեստական խնդիրներ, դժվարություններ, խոչընդոտներ, նախապայմաններ»:
«Եթե կողմերից որեւէ մեկը փորձում է խանգարել այդ գործընթացին եւ խոչընդոտներ ստեղծել, դրանով արհամարհում է ոչ միայն փոխադարձ պայմանավորվածությունները, այլեւ միջազգային հանրության հետ պայմանավորվածությունները: Քանի որ, հայտնի է՝ բացի վերոնշյալ քաղաքական կողմերից, որոնց մասին ես նշեցի եւ առանց որի մենք չէինք հասնի արձանագրությունների ստորագրմանը, չափազանց կարեւոր էր նաեւ միջազգային հանրության աջակցությունը գործընթացին: Ողջ աշխարհն աջակցեց եւ աջակցում է գործընթացին եւ Հայաստանից ու Թուրքիայից սպասում է շուտափույթ վավերացում եւ պայմանավորվածությունների իրականացում՝ ինչպես արդեն ձեռք բերված, այնպես էլ փաստաթղթերում նշված»,- հայտարարեց նա: Միեւնույն ժամանակ Նալբանդյանը կասկածներ է հայտնել, թե թուրքական կողմի հնչեցրած նախապայմանները նպաստում են սկսված գործընթացին:
«Այդ գործընթացը մենք սկսել ենք առանց նախապայմանների, բանակցություններ ենք վարել առանց նախապայմանների, եւ համաձայնության ենք եկել առանց նախապայմանների: Դուք հրաշալի գիտեք, որ արձանագրություններում որեւէ նախապայման չկա: Այն, որ արձանագրություններում նախապայմաններ չկան, այսօր խոսվում է նաեւ Թուրքիայում: Բայց այս փուլում ինչ-ինչ նախապայմաններ առաջ քաշելը նշանակում է ոչ այլ ինչ, քան խանգարել գործընթացին, քանի որ դա հղի է կրկին այն փակ շրջանին վերադառնալու վտանգով, որում մենք գտնվում էինք գործընթացի սկզբում: Եթե նախապայմաններ կան մի կողմից, դրանք կան եւ մյուս կողմից: Եւ մենք կրկին վերադառնալու ենք փակ շրջանի, որից դուրս գալը բավական դժվար է: Երկու երկրների ղեկավարությունը խիզախություն եւ իմաստություն ունեցան դուրս գալ այդ շրջանից, սկսել գործընթաց, հասնել պայմանավորվածությունների եւ ստորագրել այդ արձանագրությունները: Հետեւաբար, եթե մենք իսկապես ցանկանում ենք նույն ոգով կարգավորել մեր հարաբերությունները, պետք է առաջ ընթանանք»,- հայտարարել է Նալբանդյանը:




























