Ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ աշխարհը, հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն են խոսում հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորան միջեւ կապի բացակայության մասին: Այդ մասին թուրք լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով, իրար կապելով այդ երկու գործընթացները, մենք կարող ենք վտանգի ենթարկել երկուսն էլ: «Որքան էլ տարօրինակ է, հարկ է սպասել ինչ-որ բարի կամքի, քանի որ, հիշեցնեմ, այս տարվա ընթացքում նման բարի կամք դրսեւորվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից, նախագահների մակարդակով 9 հանդիպում է կայացել: Եթե բարի կամք չլիներ, այդ 9 հանդիպումները չէին կայանա»,- նկատեց նա:

Նախարարը հիշեցրել է, որ Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը հրապարկվել է 56 երկրների հայտարարությունը, որի տակ դրված է նաեւ Ադրբեջանի ստորագրությունը: Հայտարարության մեջ խոսվում է դրական դինամիկայի մասին: «Այսինքն, եթե Թուրքիան իսկապես ցանկանում է օգնել Ղարաբաղի հարցի լուծմանը, կարծում եմ, ճիշտ կլինի, որ չփորձի խառնվել կարգավորման գործընթացին, քանի որ միջամտությունն ավելի շատ կխանգարի, քան կօգնի գործըթնացին: Եթե իսկապես ցանկություն չկա խոչընդոտներ հարուցել հայ-թուրքական կարգավորմանը կամ ղարաբաղյան հարցին, պետք չէ հանդես գալ ինչ-ինչ պահանջներով կամ նախապայմաններով: Հայաստանն ու Ղարաբաղն այն շահագրգիռ կողմերն են, կարելի է ասել՝ ամենաշահագրգիռը, որոնք ցանկանում են արագ լուծել հարցը խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով»,- նկատել է նա:

Նախարարը նաեւ ափսոսանք է հայտնել, որ Թուրքիայից ժամանած լրագրողների մոտ երկու զուգահեռ գործըթնացների տպավորություն է ստեղծվել: «Եթե լիներ Ղարաբաղի հետ կապված նախապայման, այս գործընթացը չէր սկսվի։ Գործընթացը սկսվել է այն հասկացողությամբ եւ փոխըմբռնմամբ, որ այդպիսի կապակցվածություն չկա։ Մինչեւ արձանագրությունների հրապարակումը ձեր մամուլում եղան հոդվածներ, թե արձանագրություններում կա Ղարաբաղյան խնդրի հետ կապվածություն, եւ այստեղ շատ հայ լրագրողներ՝ հղում կատարելով ձեր հոդվածներին, ասացին, թե ահա ուրեմն կա կապվածություն Ղարաբաղի խնդրի հետ։ Երբ որ հրապարակեցինք այդ փաստաթղթերը, ինչ-որ մարդիկ խոշորացույցով տողերի տակ փնտրում էին Ղարաբաղի խնդրի հետ ինչ-որ կապվածություն եւ, չգտնելով կասկածելի ոչինչ, ամենաբարձր մակարդակով հայտարարեցին, թե արձանագրություններում ոչ մի նախապայման չկա։ Ի՞նչ կապակցության մասին կարող է հիմա խոսակցություն գնալ»,- նշեց նա՝ հավելելով, թե Հայաստանը ոչ պակաս պատճառներ ունի ինչ-որ նախապայմանների կամ կախվածության մասին խոսելու: