2009 թվականը նշանավորվեց Հայաստանի համար բացասական երկու երեւույթներով` երկնիշ տնտեսական անկումով եւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Պոլիտէկոնոմիա» գիտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը, ով երկար ժամանակ չէր կարողանում հիշել որեւէ դրական իրադարձություն, որը տեղի է ունեցել 2009 թվականին:

Այդուհանդերձ, քաղաքագետը նկատեց, որ միակ եւ նույնիսկ էական դրական զարգացում էր այն, որ Սերժ Սարգսյանի ջանքերով արժեզրկվեց «քիրվայության» գաղափարախոսությունը:

Կանխատեսելով դեպքերի զարգացումները 2010 թվականին, նա հայտարարեց, որ եթե ՀՀ իշխանությունները փոխզիջման գնան Լեռնային Ղարաբաղի հարցում, ապա իշխանափոխությունից խուսափել հնարավոր չի լինի:

«Իսկ եթե հայկական կողմը չգնա փոխզիջման ԼՂ հարցում, ապա քաղաքական գործընթացները կտեղափոխվեն 2012 թվական, այսինքն խորհրդարանական ընտրությունների տարի»,- ասաց Թեւանյանը: Տնտեսական իրավիճակի առումով, փորձագետը կանխատեսեց, որ ոչինչ չի փոխվի եւ 2009-ին սկսված տնտեսական անկումը կշարունակվի նաեւ 2010-ին:

Ըստ նրա, իրավիճակը նույնը կմնա նաեւ հայ-թուրքական հարաբերություններում, քանի որ հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, իսկ սահմաններն էլ չեն բացվի: «Չնայած միջազգային ճնշմանը, որը կա նաեւ հիմա, իրավիճակը այդ հարթությունում կմնա անփոփոխ»,- ընդգծեց Ա. Թեւանյանը՝ հավելելով, որ 2010 թվականը Հայաստանի համար լինելու է քաղաքական «վակուումի» տարի: