Վանի Ախթամար կղզու Ս.Խաչ եկեղեցին կբացվի կրոնական արարողությունների համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal-ը:

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարգավորող արձանագրությունների ստորագրումից հետո` թուրքական զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները դիմել են իրենց կառավարությանը` բացելու Ախթամարի Ս. Խաչը՝ կրոնական արարողությունների համար: Հայտնի է դարձել, որ Ախթամար կղզու հայկական Ս. Խաչ եկեղեցին բացվելու է կրոնական արարողությունների համար: Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն նշել է, որ եկեղեցին վերաբացելու համար մշակույթի նախարարության հետ անհրաժեշտ թղթաբանական գործողությունները իրականացրել են: Նահանգապետը որպես բացման հնարավոր ամսաթիվ նշել է 2010 թվականի սեպտեմբերի 12-ը եւ հայերին հրավիրել է Վան:

Վանի նահանգապետը հայտնել է, որ Վան այցելող զբոսաշրջիկների ամենամեծ աղբյուրը կարող են դառնալ Հայաստանը եւ Իրանը: Նահանգապետ Մունիրը համոզված է, որ թուրքական իշխանությունը լուրջ ջանքեր է գործադրում Հայաստանի հետ սահմանը բացելու ուղղությամբ: «Սահմանը բացվելուց հետո` դրանից ամենաշատ օգտվող նահանգը կլինի Վանը, դա մենք գիտենք եւ տեսնում ենք»,-ավելացրել է Վանի նահանգապետը: