Հայաստան այցելած թուրքական հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչները դեկտեմբերի 20-ի առավոտյան Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում այցելել են Էջմիածինի Մայր տաճար եւ ներկա գտնվել կիրակնօրյա պատարագին:

Թուրքիայից ժամանած հյուրերին Էջմիածնում ներկայացվել է հայոց եկեղեցու, Հայաստանում քրիստոնեության տարածման պատմությունը: Հյուրերը հետաքրքվել են նաեւ խաչքարերով, դրանց ստեղծմամբ եւ նշանակությամբ: Թուրքիայից եկած լրագրողները՝ տպավորվելով պատարագից, նշել են, որ եկեղեցու ներսում տիրում էր հանգիստ եւ տպավորիչ մթնոլորտ:

Ավելի ուշ տեղի է ունեցել հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համաժողով, որում զեկույցով հանդես է եկել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ Կիրակոսյանի՝ Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների չվավերացումը բացասական ազդեցություն կունենա Թուրքիայի արտաքին վարկանիշի վրա: Անդրադառնալով Թուրքիայում Ադրբեջանի խնդրին` բանախոսը նշել է, որ Ադրբեջանի հարցը Թուրքիայում դարձել է ներքին խնդիր, իսկ ռուս-ադրբեջանական մերձեցումը կարճաժամկետ երեւույթ է:

Արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ տարիներ առաջ ինքը եղել է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ եւ կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով ստորագրված արձանագրություններին, սակայն կտրուկ դեմ է դրանցում ներառված պատմական ենթահանձնաժողովի առկայությանը:

Այնուհետ փակման խոսքով հանդես է եկել համաժողովը վարող թուրքական Referans թերթի ներկայացուցիչ Աքգյունը` նշելով, որ թուրք լրագրողների հայաստանյան 4-օրյա հանդիպումները եւ շփումները օբյեկտիվորեն կներկայացնեն թուրք հասարակությանը։ Լավ ընդունելության եւ կազմակերպչական աշխատանքների համար նա շնորհակալություն է հայտնել Եվրասիա համագործակցության հիմնադրամին եւ հայկական կողմին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Հայաստան էին ժամանել թուրքական հայտնի լրատվամիջոցների` CNNturk, Hurriyet, Hurriyet daily news, Milliyet, Sabah, Aksam, Referans, Taraf լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր մասնակցել են հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համաժողովների, մի շարք հեռուստաընկերությունների հաղորդումների, հանդիպել են ՀՀ արտգործնախարարի եւ քաղաքական այլ գործիչների հետ: