«Մարտի 1-ի էջը չի կարելի փակված համարել, քանի դեռ Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության կետերը ի կատար չեն ածվել»: Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողներ հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` ամփոփելով տարվա բացասական եւ դրական իրադարձությունները: Ըստ նրա` դրական է այն, որ 2009 ընթացքում վերջապես ներկայացվեց մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի ամփոփագիրը: Վերջինիս գնահատմամբ, հանձնաժողովը լավ է աշխատել: Իսկ բացասականը, դաշնակցական գործչի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում Հայաստանի իշխանությունների կողմից հարաբերությունների կարգավորման եւ զարգացման թուրքական մոդելի կիրառումն է:

ՀՀԿ անդամ, ԱԺ Եվրաինետգրման մշտական հանձնաժողովի անդամ Մանվել Բադեյանը, ով եւս ներկա էր հանդիպմանը, ի պատասխան Վահան Հովհաննիսյանին, ասաց. «Հայ-թուրքական արձանագրությունները հանճարեղ մտքի արդյունք չեն, լիքը կետեր կան չհամաձայնելու, եւ դրանք փաթաթած են մեր գլխին»:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարի խոսքով Հայաստանի առջեւ ծառացած տնտեսական խնդիրների լուծման համար կառավարության կատարած քայլերը համարժեք չեն եղել:

ԱԺ պատգամավոր, հանրապետական գործիչ Մանվել Բադեյանն էլ իր հերթին հավելեց, որ ինքը՝ որպես տնտեսագետ, կարող է հավաստիացնել, որ ստեղծված տնտեսական իրավիճակում ոչ մեկը չի կարող ասել, թե որ քայլերն են համարժեք: