Հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի Ազգային ժողով հասնելուց հետո բուռն կերպով քննարկվելու են գլխադասային՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը: «Մենք սպասում ենք արձանագրությունները մտնեն Ազգային Ժողով։

Նախագահը պետք է ուղարկի, եւ այդ ժամանակ քննարկումներն առարկայական կդառնան: Բավական հարուստ նյութ ունենք, եւ հանձնաժողովը կօգտագործի ու իր եզրակացությունը կներկայացնի: Չեմ ուզում կանխատեսել արդյունքները, բայց որ բուռն կլինեն քննարկումները, դա միանշանակ է»,- նշեց Ռուստամյանը:

Ռուստամյանը նշեց նաեւ, որ ՀՅԴ-ին կբավարարի անգամ ՍԴ-ում արձանագրությունների մասնակի հակասահմանադրական ճանաչելը: «Սա լուրջ ազդանշան կլինի թե՛ թուրքերին, թե՛ միջազգային միջնորդներին, որ ի վերջո եթե այս ձեւով մտան, չպետք է վավերացվեն»,- նշեց Ռուստամյանը:

Վերջինս, ի դեպ, հայտնեց, որ ՀՅԴ-ն հունվարի 12-ին հանրահավաք է անցկացնելու արձանագրությունների դեմ, սակայն չի բացառվում, որ հանրահավաքն ավելի շուտ լինի: