«2009-ը ՕԵԿ-ի համար բարեփոխումների տարի է եղել՝ թերությունների եւ բացթողումների շտկման տարի»,- Մամուլի ազգային ակումբում դեկտեմբերի 21-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

Նշելով, որ անցնող տարին Հայաստանի համար հաջող էր հատկապես արտաքին քաղքականության ոլորտի ձեռքբերումներով, մասնավորապես՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով, նա համոզմունք հայտնեց, որ «դա առաջընթաց է» եւ սկսված, բայց թուրքական կողմից մի քիչ դանդաղեցված գործընթացն իր շարունակությունը կգտնի արդեն 2010-ին։ «Որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը 2010թ. կմնա բոլորի ուշադրության կենտրոնում, հաստատ է»,- ընդգծեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը՝ ավելացնելով, որ չի ուզում մտածել, թե գործընթացի ժամանակավոր դանդաղումը կարող է վատ ավարտի մասին վկայել։ «Հարցը որքան շուտ լուծվի, այնքան ավելի լավ, բայց եթե թուրքական կողմը ձախողի այն, ՀՀ իշխանությունները համարժեք քայլերի կդիմեն»,- հստակեցրեց նա։

Անդրադառնալով 2009 թ. կորուստներին՝ Հ. Բիշարյանն առանձնացրեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի՝ ՀՀ տնտեսական դաշտի վրա թողած բացասական ազդեցությունը՝ ափսոսանք հայտնելով, որ «այն չշրջանցեց նաեւ մեր երկիրը»։ «Ես, սակայն, կարեւորում եմ այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը համապատասխան ծրագրեր է մշակում այս ոլորտում առկա դժվարությունները հաղթահարելու համար»,- ասաց նա՝ կանխատեսելով, որ այդ ծրագրերի, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դրական ավարտը տեղի կունենա 2010թ.-ին։