Իսպանական «Բարսելոնա» ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Նա հավաքել է 1073 միավոր: Հավակնորդների թվում են եղել նաեւ Կրիշտիանու Ռոնալդուն, Անդրես Ինյեստան և Կական: Երկրորդ տեղում նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդուն է` 353 միավորով:

Նշենք, որ այս տարի Մեսսին «Բարսելոնայի» կազմում հաղթել է 6 մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի առաջնությունում և գավաթի խաղարկությունում, Եվրոպայի և Իսպանիայի սուպերգավաթներում, Աշխարհի ակումբային առաջնությունում:

Նկատենք, որ մինչ այս մրցանակը արգենտինացի ֆուտբոլիստը ճանաչվել էր նաեւ Եվրոպայի լավագույն խաղացող՝ ստանալով «Ոսկե գնդակը»:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին արժանացել են հետեւյալ ֆուտբոլիստները. 2000-ին` Զինեդին Զիդան (Ֆրանսիա), 2001-ին` Լուիշ Ֆիգու (Պորտուգալիա), 2002-ին`Ռոնալդո (Բրազիլիա), 2003-ին` Զինեդին Զիդան (Ֆրանսիա), 2004-ին` Ռոնալդինյո (Բրազիլիա), 2005-ին` Ռոնալդինյո (Բրազիլիա), 2006-ին`Ֆաբիո Կանավարո (Իտալիա), 2007-ին` Կակա (Բրազիլիա), 2008-ին`Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) եւ 2009-ին` Լիոնել Մեսսի (Արգենտինա):

Հավելենք նաեւ, որ բրազիլուհի Մարտան էլ ստացել է կանանց աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Սրանով Մարտան չորրորդ անգամ անընդմեջ ստանում է այս մրցանակը: