Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 22-ին հետաձգվել է 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի ժամանակ մի անհայտ քաղաքացու ծեծի ենթարկած երկու ոստիկանների՝ Գեղամ Հարությունյանի եւ Հովհաննես Ղուկասյանի գործով դատական նիստը` փաստաբան Արշակ Թովմասյանի բացակայության պատճառով: Հիշեցնենք, որ այդ ծեծի տեսագրությունն առկա է մարտիմեկյան դեպքերի մասին պատմող վավերագրական տեսաֆիլմում, որը շրջում է ողջ հանրապետությունում: Ու թեեւ այդ տեսանյութը գոյություն ունի արդեն 1,5 տարի, սակայն այդ ոստիկանների դեմ քրեական գործ է հարուցվել միայն վերջերս: Ոստիկաններ Հարությունյանը եւ Ղուկասյանը մեղադրվում են լիազորությունները գերազանցելով բռնությամբ զուգորդված գործողություններ կատարելու մեջ` Քրեական օրենսգրքի 309 հոդվածի երկրորդ մասով: Գործով դատաքննությունն ավարտված է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ի դատական նիստում մեղադրող Հարություն Հարությունյանը դատարանին միջնորդել է 2 ոստիկաններին դատապարտել երեքական տարվա ազատազրկման եւ համաներում կիրառել նրանց նկատմամբ, վերացնել նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրողը պահանջել է նաեւ առաջիկա մեկեւկես տարում երկու ոստիկաններին զրկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Դատարանը պետք է վճիռ կայացնի պաշտպանական կողմի ճառից հետո: Հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 25-ին: