«Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը փոխհամաձայնության արդյունք է, եւ մենք՝ այդ հանձնաժողովի անդամներս, փորձել ենք դրանում ներառել բոլորիս կարծիքներն ու տեսակետները»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի կարծիքն այն մասին, թե ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը «միակողմանի է»։

Նրա խոսքով, եթե զեկույցը թողնվեր միայն իրեն կամ ցանկացած այլ հանձնաժողովականի, «գուցե որոշ դրույթներ այլ լինեին, միգուցե որոշ գնահատականներ այլ կերպ հնչեին»։ Ամեն դեպքում, պատգամավորը համոզմունք հայտնեց, որ զեկույցը հնարավորինս անաչառ է տվել մարտի 1-ի դեպքերի գնահատականը։ «Իհարկե, եթե հետադարձ հայացքով նայում եմ զեկույցին, տեսնում եմ, որ կարելի էր որոշ կետերի ավելի սուր ձեւակերպումներ տալ, որոշ կետեր՝ հակառակը՝ մեղմել, բայց ամեն դեպքում, ես չեմ համաձայնում ԵԽԽՎ՝ Հայաստանի համազեկուցողների գնահատականների հետ, որովհետեւ հանձնաժողովի զեկույցը ես համարում եմ հնարավորինս անաչառ»,- եզրափակեց Ն Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԵԽԽՎ կայքէջում տեղադրվել է Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի կարծիքն այն մասին, թե ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը «միակողմանի է եւ սուր քննադատության չի ենթարկում իշխանությունների կատարած քայլերը»։