«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Եվրոպան վաղուց գիտեր «Մարտի 1-ի» գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի իրականացրած գործունեության մասին, բայց, իմանալով հանդերձ, ամիսներ շարունակ լռություն էր պահպանում եւ հանդուրժեց անգամ փաստահավաք խմբի լուծարումը, որի հետ հույսեր էին կապում ե՛ւ ընդդիմությունը ե՛ւ զոհվածների ընտանիքները։ Այս մասին նա հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
Ստեփան Սաֆարյանի խոսքով, «եթե եվրոպական այդ կառույցը թույլ տվեց, որպեսզի հանձնաժողովը նման զեկույց հրապարակի՝ վավերացնելով իշխանական տեսակետը, ապա ինձ այլ բան չի մնում մտածել, քան այն, որ նրանք այս կերպ մարտի 1-ի պարտակման հերթական գործարք են առաջարկում՝ փորձելով հասկացնել, որ եթե իշխանություններն առանց տրտնջալու վավերացնեն հայ-թուրքական արձանագրությունները, ապա մարտի 1-ը կներվի նրանց։ Սա եվրոպական կառույցների հերթական ճնշումն է հայկական կողմի վրա»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ այսօր ԵԽԽՎ կայքէջում տեղադրվել է Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի կարծիքն այն մասին, թե ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը «միակողմանի է եւ սուր քննադատության չի ենթարկում իշխանությունների կատարած քայլերը»։




























