Հայ հեղափոխական դաշնակցությունն իր ցանկացած քայլ համաձայնեցնում է իշխանությունների հետ: Այդ մասին դեկտեմբերի 23-ին «Դուպլեքս» ակումբում հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

ՀԱԿ ներկայացուցիչները հայտնել է, որ մի քանի օր առաջ ՀՅԴ պատասխանատուներ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանն ու Հրանտ Մարգարյանը հանդիպել են Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:

«Ես ուղղակի սնունդ եմ տալիս հետագա հետաքննությունների համար: Ես կարող եմ միայն ենթադրել, թե ինչ են խոսել: Մի բան մեզ համար ակնհայտ է, որ դաշնակցությունը իր ցանկացած քայլ համաձայնեցնում է իշխանությունների հետ: Միգուցե սա տեղավորվում է այդ ծրագրի մեջ»,- նշեց Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ՀՅԴ-ն հայ-թուրքական արձանագրությունների դեմ հանրահավաք է կազմակերպելու, որը, ամենայն հավանականությամբ անցկացվելու է ՍԴ դիմաց, որտեղ նույն այդ օրը քննարկվելու է արձանագրությունների սահմանադրականության հարցը: