Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին՝ նրան մեղադրելով ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու մեջ:
«Պատասխանելով Վահագն Չախալյանի գործի եւ դատավարության վերաբերյալ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլանի հարցին՝ Վրաստանի արտգործնախարարը ստեց ջավախահայ քաղաքական գործչի դատապարտման պատճառների եւ դատավարության արդարացիության աստիճանի վերաբերյալ»,- նշում են հայտարարության հեղինակները եւ հավելում. «Հայտարարելով, որ Վրաստանի տվյալ հայազգի քաղաքացին (Վ. Չախալյանը-NEWS.am) մեղադրվում է երրորդ երկրի հետ համագործակցելու մեջ՝ Գրիգոլ Վաշաձեն անգիտակցաբար եւ ակամա հրապարակայնորեն ապացույց տվեց առ այն, որ Վահագն Չախալյանը հանդիսանում է ոստիկանական դավադրության եւ անարդար դատավարության զոհ»:
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման «ապօրինի զենք-զինամթերք պահելու», «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումներին մասնակցության» եւ «խուլիգանության» մեղադրանքներով:
Ըստ հայտարարության հեղինակների՝ Վաշաձեն նաեւ միտումնավոր խեղաթյուրել է վրացական օրենսդրության որոշ դրույթներ:
Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը վրացական իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին՝ վերականգնելով նրա բոլոր իրավունքները, իսկ Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահից՝ բողոքի նոտա հղել իր վրաց գործընկերոջ՝ նախարար Գրիգոլ Վաշաձեի կողմից Ֆրանսիայի Հանրապետության օրենսդրական մարմնի նկատմամբ ցուցաբերած բացահայտ անհարգալից վերաբերմունքի նկատմամբ:




























