«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները նախագահական նստավայրից երթով շարժվել էր դեպի դատախազության շենք, որտեղ եւս ակցիա են իրականացրել:
Մասնավորապես, նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը, ով «Ժառանգություն» կուսակցությունից է, իր ելույթում նշեց. «Մենք հավաքվել ենք այստեղ հարգանքի տուրքը մատուցելու Վահե Ավետյանին: Վահեն մարտահրավեր է նետել, թե արդյոք մենք ունե՞նք ինքնասիրություն, արդյոք շարունակելու ենք ստրո՞ւկ մնալ, թե ազատագրվելու ենք նեմեցներից ու բռնապետությունից: Նեմեցները (նկատի ունի գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին) նենգ են, բայց այս անգամ նրան պետք է արժանի պատիժ տան»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ նշեց. «Մենք հպարտ ենք, որ հասարակությունը դուրս է գալիս այս իշխանությունների դեմ բողոքելու: Ռուբեն Հայրապետյանը գործընկեր չէ. չի կարող գործընկեր համարվել մի մարդ, որն այս իշխանությունների գործիքն է բռնություններ ու ընտրակեղծիքներ իրականացնելիս: Նա ընտրված չէ եւ այս իշխանությունների գործիքն է: Ռուբեն Հայրապետյանն անպատիժ է մնում, որովհետեւ նա ծառայում է Սերժ Սարգսյանի շահերին»:
Ներկաները վանկարկում էին. «Նեմեց՝ մարդասպան, «Նեմեց՝ սրիկա», «Սերժիկ՝ հեռացիր»:
Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ հիմա շարժվում են դեպի կառավարության շենք, որտեղ էլ ավարտելու են ակցիան, սակայն երեկոյան ժամը 18:00-ին կհավաքվեն Զեյթունի շուկայի դիմաց, որտեղից երթով կգնան մասնակցելու Վահե Ավետյանի հոգեհանգստի արարողությանը:
Ակցիային մասնակցում են «Ժառանգության», «Սարդարապատ» շարժման անդամներ, բնապահպաններ, հրապարակախոսներ, իրավապաշտպաններ եւ բազմաթիվ երեւանցիներ: Մասնավորապես, այստեղ են «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը, ՀՅԴ-ից՝ Լիլիթ Գալստյանը:
Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:
Երեկ՝ հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու» մակագրությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:



























