Պաշտպանության նախարարության մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ , փոխգնդապետ Վարդան Սամվելյանը, ով զինաթերքով մտել էր «Հարսնաքար» ռեստորան եւ սպառնացել էր պայթեցնել այն, ձերբակալվել է:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը նշել է, որ Վարդան Սամվելյանի վերաբերյալ Ոստիկանության գլխավոր քննչական վարչությունում նախապատրաստված նյութերը, ըստ ենթակայության, ստացվել են ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում: Նյութերի հիման վրա հարուցվել է քրգործ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք , ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնել, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Վ. Սամվելյանը ձերբակալվել է ՀՀ Քրօր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանցանք կատարելու կասկածանքով: Նա տեղափոխվել է ՊՆ Ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան:
Ավելի վաղ NEWSam-ը հայտնել էր, որ Երեւանում, հուլիսի 1-ին, ժամը 06.28-ին տեղեկություն է ստացվել, որ Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է անհայտ պայթուցիկ նյութ:
Տեղում զինվորական պայուսակում հայտնաբերվել է երկու նռնակ, փամփուշտներ, դեռեւս չբացահայտված պայթուցիկ նյութ: Սակրավորների զննության արդյունքում պարզվել է, որ պայուսակի պարունակությունը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում: Ժամը 07:25-ի սահմաններում պայուսակը տեղափոխվել է անվտանգ տարածք:
Ըստ որոշ տեղեկությունների, պայուսակը «Հարսնաքար» ռեստորանային համալիր է բերել Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ Վարդան Սամվելյանը եւ սպառնացել պայթեցնել շենքը: Նշվում է, որ նրա հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, ով աշխատում է ՈՔԳՎ–ում, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։
Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:
Երեկ՝ հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու» մակագրությամբ:


























