Հայաստանի խորհրդարանը քննարկելու եւ վերջնականապես հստակեցնելու է իր դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ միայն, երբ Թուրքիայի խորհրդարանը որոշում կընդունի փաստաթղթերի վերաբերյալ: Այդ մասին դեկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, հանրապետական Հովիկ Աբրահամյանը:
«Եթե Թուրքիայի խորհրդարանը ողջամիտ ժամկետներում, առանց նախապայմանների վավերացնի փաստաթղթերը, մենք նույնպես կանենք, եթե ոչ, մեր պատասխանն այդ դեպքում համարժեք կլինի»,- ասել է Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռգված է թուրքական խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման մեջ:
Խոսելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարության մասին, թե արձանագրությունների վավերացումը պայմանավորված է ղարաբաղյան հարցով, Աբրահամյանը նշել է. «Ես բացասական եմ վերաբերվում նման հայտարարություններին այդքան բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից: Արձանագրությունները ղարաբաղյան հակամարտության հետ կապելն ուղղակի անազնիվ է, քանի որ կողմերը սկզբնապես պայմանավորել են, որ հարաբերություններ են հաստատելու առանց նախապայմանների»:




























