Հավանականությունը, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները 2010թ. գարնանը, հարյուրտոկոսանոց չէ, բայց նվազագույն էլ չէ: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Որպես միակ հնարավորություն, որ Անկարան չի վավերացնի արձանագրությունները, Իսկանդարյանը նշեց՝ եթե Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները 2011թ.-ից տեղափոխվեն 2010թ.: Այդժամ, նրա խոսքով, խորհրդարանում վավերացումը հնարավոր չի լինի: Թուրքիայի ղեկավարության այն հայտարարություններին, թե իրենց մեջ որոշակի վերջնագիր-նախապայմաններ են պարունակում, նաեւ արձանագրությունները չեղյալ հայտարարելու մասին Հայաստանի ղեկավարության հայտարարություններին, Իսկանդարյանը խորհուրդ տվեց վերաբերվել որպես քաղաքական ճնշման գործիքի: «Երեւանը փորձում է Թուրքիային եւ միջազգային հանրությանը ցույց տալ, որ ժամանակը ռետինե չէ, եւ ժամանակային շրջանակները լուրջ նշանակություն ունեն»,- ասաց Իսկանդարյանը:

Նրա խոսքով, սահմանի բացմամբ Հայաստանի առջեւ ինչպես լայն հնարավորություններ են բացվում, այնպես էլ լուրջ մարտահրավերներ, օրինակ աշխատանքային ներգաղթյալների հոսք եւ մեծ շուկայի հետ մրցակցություն: Սակայն, քաղաքագետի խոսքով, պետք է պատրաստ լինել, քանի որ «չի կարելի հավերժ ապրել պահածոյի տուփում»: