Հայ-թուրքական գործընթացն արդեն կարելի է ձախողված համարել: Այդ մասին լրագրողների հետ դեկտեմբերի 25-ի հանդիպմանը հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, քիչ հավանական է, որ թուրքական խորհրդարանը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: «Բայց եթե անգամ դա լինի, բնավ չի նշանակում, որ հայկական կողմը պետք է հետեւի այդ օրինակին»,- նկատեց Ռուստամյանը՝ հավելելով, որ փաստաթղթերը լուրջ մշակման կարիք ունեն:
Պատգամավորը կարծում է, թե գործընթացը դուրս է եկել Հայաստանի վերահսկողության տակից: «Այսօր պայմանները թելադրում են ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ միջազգային հանրությունը: Պայմաններ թելադրում է Թուրքիան»,- ասել է նա: Ռուստամյանի կարծիքով, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի հայտարարությունը, թե եթե Թուրքիան չվավերացնի փաստաթղթերը մինչեւ ապրիլ, Հայաստանը հետ կվերցնի իր ստորագրությունը, պետք է դիտարկել հենց այդ համատեքստում: «Հայաստանի համար միակ ուղին բանակցություններից դուրս գալն է, եթե իհարկե իշխանությունները չեն ցանկանում ընդունել ՀՅԴ առաջարկած լուծման տարբերակը»,- ընդգծեց Ռուստամյանը՝ հիշեցնելով, որ խոսքը գնում է վերապահումներով վավերացման մասին:
Արմեն Ռուստամյանը վստահ է, որ Թուրքիան հաջողությունը հաջողության ետեւից է գրանցում, ամեն ինչ նախապես էր ծրագրել: «Այսօր նա Հայաստանի հետ բանակցությունները ողջ միջազգային հանրությանը ցույց է տալիս որպես փոխզիջում, իբր վնասելով Ադրբեջանի շահերին, նստել են բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ Հայաստանը ոչինչ չարեց, որ Արեւմուտքը հասկանա, թե Թուրքիան երկար տարիների ընթացքում շրջափակում է իրականացնում, եւ սահմանների բացումը նրա անմիջական պարտականությունն է»,- ամփոփեց պատգամավորը:




























