Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը միջազգային ճգնաժամի հետագա զարգացման վերաբերյալ 4 սցենար է մատնանշում, ընդգծելով, որ այդպիսին են աշխարհում 1400 առաջատար գործագիտական կենտրոնների գնահատականները: Ըստ առաջին սցենարի, ճգնաժամը V-աձեւ կորի է նման, որը հասնելով իր հատակին, արդեն վերականգնման փուլում է: Երկրորդ սցենարի համաձայն ճգնաժամը հասել է իր հատակին, սակայն սպասվում է նաեւ ճգնաժամի երկրորդ ալիքը: Երրորդ սցենարը ենթադրում է, որ ներկայումս ճգնաժամի հատակին ենք հասել, սակայն տնտեսության վերականգնումը շատ երկրարատեւ գործընթաց է լինելու եւ տեւելու է մոտ 10 տարի (Այս տարբերակը պաշտպանում են ճապոնական կենտրոնները) եւ վերջապես 4-րդ սցենարով եւս կանխատեսվում է, որ տնտեսության աշխուժացումը շատ երկար է տեւելու եւ մոտ ապագայում տնտեսական զարգացում ակնկալել պետք չէ: Տ. Սարգսյանը նշեց, որ 2009-ի առաջին կիսամյակում գերակշռող էին առաջին սցենարի կողմնակիցները, իսկ երկրորդ եռամսյակի ընթացքում գնալով ավելացել են երկրորդ սցենարի կողմանկիցները, որոնք կարծում են, որ ճգնաժամի երկրորդ ալիքն է լինելու, թեեւ առաջին սցենարի կողմնակիցները շարունակում են ավելի շատ լինել:

«Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր 4 տարբերակներին: Մասնավորապես, մենք 80 միլիարդ դրամի կանխիկ մնացորդով նք մտնում 2010 թվական: Բացի այդ կայունացման հիմնադրամում ունենք 54 միլիարդ դրամ»,- ասաց վարչապետը, հավելելով, որ բացի այդ 100 միլիոն դոլարի ստացման խոստումներ ունեն միջազգային ֆինանսական կառույցներից եւ այդ ամենը միասին վերցրած լուրջ հիմք է ստեղծում նոր փորձություններին դիմագրավելու համար: