Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ 2010 թվականին Լեռնային Ղարաբաղի հարցում դինամիկան կլինի նույնը: Այս մասին նա ասաց դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հարցին, թե արդյո՞ք, կարող է բանակցային գործընթացում այս կամ այն կերպ դերակատարություն ունենա նաեւ Իրանը, վարչապետը պատասխանեց, որ նման բան չի կանխատեսում, քանի որ բանակցությունների ձեւաչափը 2010-ին չի փոխվելու:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական զարգացումների վերաբերյալ կանխատեսումներին, նա ձեռնպահ մնաց դրանից, նշելով միայն, որ Սերժ Սարգսյանը մանրամասն ներկայացրել է, թե դեպքերի որ զարգացման դեպքում Հայաստանն իրեն ինչպես է պահելու:

Այնուհետեւ անդրադառնալով Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանային Վերին Լարսի անցակետի բացման դեպքում Հայաստանի հնարավորություններին, Տ. Սարգսյանն ասաց, որ այդ անցակետի բացման դեպքում ավտոմեքենաներով ապրանքների տեղափոխման տեսակարար կշիռը կմեծանա: Նա նկատեց, որ նաեւ այդ անցակետի փակ լինելով է պայմանավորված, որ երկաթուղային ճանապարհով ապրանքաշրջանառությունը 2009-ին աճել է 15 տոկոսով։