Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը հայտարարել է, որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ կերազեր հանդես գալ այնպիսի թիմի կազմում, ինչպիսին է Մադրիդի «Ռեալ»-ը, սակայն հավելել է, որ իր բոլոր մտքերը կապված են իր ներկա ակումբի եւ Սերբիայի հավաքականի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերբիայի հավաքականի մարզիչ Ռադոմիր Անտիչը արքայական ակումբին խորհուրդ էր տվել ձեռք բերել Իվանովիչին, վստահություն հայտնելով, որ վերջինս իր ֆուտբոլային որակներով գերազանցում է վնասվածք ստացած պաշտպան Պեպեին:
«Ես որեւէ շփում չեմ ունեցել „Ռեալի“ ղեկավարության հետ, բայց պետք է ասեմ, որ „Ռեալը“ յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Այն, որ այդ ակումբը հետաքրքրվում է ինձնով, դա հաճելի է ինձ համար, սակայն բանն այն է, որ այս պահին իմ մի ակումբից մյուսը տեղափոխվելու հարցերի վերաբերյալ որոշումները ես չեմ կայացնում»,- հայտարարել է Իվանովիչը:



























