Հայաստանը արտաքին քաղաքականության ոլորտում 2009 թվականի ընթացքում ամրապնդել է իր դիրքը եւ մեծացրել քաղաքական կշիռը տարածաշրջանում՝ ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով 2009 թվականը։ Վերջինս անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին եւ ասաց.
«Մեզ համար Ղարաբաղյան հարցը ամեն գնով լուծելը գերնպատակ չէ, մեզ համար հարցը փաստացի լուծված է, մենք պետք է հասնենք նրան, որ անկախ կարգավիճակն ամրագրվի իրավական անկախ կարգավիճակով»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից արված ռազմատենչ հայտարարությունները ներքին սպառման համար են։
ՀՀԿ մամուլի քարտուղարը, խոսելով ընդդիմությունից, կարեւորեց նրա դերը երկրի կառավարման գործում, սակայն նաեւ կոչ արեց ընդդիմության ներկայացուցիչներին ասուլիսներում իշխանություններին քննադատելուց բացի՝ մասնակցել նախագահի կազմակերպած խորհրդակցություններին։ Ինչ վերաբերում է մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին, Շարմազանով իր կարծիքը չի փոխել. «Ես կարծում եմ, որ մարտի 1-ին եղել է իշխանափոխության եւ մասնակի գունավոր հեղափոխության փորձ»։
Մեկնաբանելով Հովիկ Աբրահամայանի «Քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ, իսկ բիզնեսով զբաղվելու համար ուղեղ է պետք» դեկտեմբերի 24-ին կատարած հայտարարությունը, Շարմազանովն ասաց, որ թե՛ գործարարությամբ, եւ թե՛ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք է։




























