Ուրբաթ օրը նախագահական գնացած Վարդան Ղուկասյանին Սերժ Սարգսյանն ասել է` միառժամանակ հանգստացիր քաղաքականությունից, հետո կտեսնենք: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը:
«Ամեն ինչից ահավոր վիրավորված Վարդանիկը, որ մինչ այդ ընդվզում էր ու դիմադրում, այլեւս չի առարկել: Եվ հոժար կամքով ՀՀԿ տեղական կառույցից դուրս գալու դիմում է գրել: Այս հարցն ի դեպ` քննարկվել էր հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ-ի ժամանակ եւս: ՀՀԿ-ում ահավոր չեն ցանկանում, որ Վարդան Ղուկասյանը կուսակցությունից դուրս գալու դիմում գրի, որովհետեւ այդ դեպքում անկանխատեսելի Վարդանիկը կարող է եւ ինքնառաջադրվել, չնայած գործից հասկացողները գտնում են, որ դա լավ ավարտ չի ունենա Ղուկասյանների համար: Կրտսեր Ղուկասյանն էլ` «դեբոշներ» սարքելուն զուգընթաց, հորն ասել Է «Ինձ են նստացնելու, կգնամ 15 տարի կնստեմ, բայց դու պիտի առաջադրվես, որովհետեւ թասիբի հարց կա»: Վարդանիկն այս ամենից շատ վիրավորված է, որ ՀՀԿ-ն, փոխանակ Սուքիաս Ավետիսյանին կամ մեկ ուրիշ «նորմալ ՀՀԿ-ականի» նշանակեր Շիրակի տեղական կառույցի ղեկավար, Սահակ Մինասյանի «նման մեկին են նշանակել, որին բոլորը գիտեն ինչ է»: Մինասյանը երկար տարիներ Շիրակի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետն է: Ինչ վերաբերում է սամվել Բալասանյանից վիրավորանքին, ապա Վարդան Ղուկասյանը գտնում է, որ պետք էր, թեկուզ ՀՀԿ-ն թող իրեն չառաջադրեր, Սամվելին աջակցեր, «տղու նման» իրար հետ առաջադրվեին, «որս կհաղթեր, թող հաղթեր, ես իր ձեռքը կսեղմեի, թե չէ ինչ է նշանակում վաբշե խաղից մարդուն հանել»»,- գրում է «Հրապարակը»:




























