«2009 թվականին արդյունքների տեսքով ձեռքբերում մենք չունենք, բայց՝ որպես նշանակալի գործընթաց, կարելի է համարել հայ-թուրքական զարգացումները, որոնք կարող է ավելի բարդացնեն երկրի վիճակը, բայց որոնք Հայաստանին դարձրել են ինչ-որ մեծ միջազգային խաղի մասնակից»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանն ու հավելեց. «Եթե պետությունն ի վիճակի է նման բարդ խաղեր խաղալ, ապա դա ինքնին լավ է: Վատն այն է, որ ոչ մի արդյունք չկա եւ առավել բարդ վիճակ է ստեղծվել: Մնացած ամեն բան պայմանավորված է եղել այդ գործընթացով»:

Երկրորդ կարեւորագույն գործընթացն, ըստ նրա, դա տնտեսական իրավիճակն է, երբ տարվա վերջում ապացուցվեց, որ ՀՀ իշխանությունների պատկերացումներն ու իրական արդյունքները բացարձակ իրար հետ կապ չունեն: «Տիգրան Սարգսյանը անցած տարվա վերջում հայտարարեց, որ 2009-ը լինելու է օրինականացման տարի, հասարակության կողմից վերահսկման տարի, իսկ այս տարվա վերջին դարձավ օլիգարխիկ իշխանության, օլիգարխիկ ակումբի` ՀՀԿ-ի անդամ: Դրականն այն է, որ երկիրը տեսավ իր վարչապետին, որ տարվա ընթացքում իշխանական դեմագոգիայի համատարած փլուզում եղավ: Տեսանք նաեւ քաղաքական դաշտի մաքրում, դեմագոգիայից տեղեկատվական դաշտի մաքրում, որը շատ մեծ նշանակություն ունի: Շատ դրական է, որ դատարկ խոսելը Հայաստանում դժվարացել է, պատասխանատվությունը քաղաքական գործիչների նկատմամբ հասարակությունը մեծացրել է: Հասարակության մեջ ես բավականին առաջընթաց եմ տեսնում: Իսկ մնացած բոլորը բացթողումներ են»,- ընդգծեց նփորձագետը:

Ինչ վերաբերում է 2010 թվականի կանխատեսումներին, Մ. Սարգսյանն ասաց. «2010-ը պետք է այս ախոռները մաքրող կամ ավելի կեղտոտող տարի լինի: Արդեն ճգնաժամն այն աստիճանի է հասել, որ ես չեմ պատկերացնում դրա երկարաձգելը ուր կարող է հասցնել: Եթե այս իրավիճակը մեկ տարի էլ հետաձգեն, կունենանք խրոնիկ հիվանդություն: 2010-ին պարզ կլինի, այս հասարակությունը կարողանալո՞ւ է ստիպել, որ այս իրավիճակից փոփոխություն լինի, թե չի կարող եւ ընտելանալու պրոցես է գնալու: Ընտելանալու դեպքում դա խրոնիկ հիվանդություն է դառնալու: 2010-ին մենք կիմանանք՝ հասարակությունը այդ ուղիներից որը կընտրի»: