Սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն իրեն պաշտպանելու համար վարձել է իսպանացի հայտնի փաստաբան Բալտասար Գարսոնին, որը պետք է բանակցություններ վարի Ասանժին Էկվադորում քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ:
Բալտասար Գարսոնը հայտնի է շատ աղմկահարույց դատավարություններում իր մասնակցությամբ. նա է դատապարտել չիլիացի բռնապետ Աուգուստո Պինոչետին եւ «Ալ Կաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին ձերբակալելու հրահանգը տվել, ինչպես նաեւ Իսպանիայում մերժել է Վլադիմիր Գուսինսկիին Ռուսաստանին հանձնելը: Այս տարվա փետրվարին Իսպանիայի գերագույն դատարանը 11 տարով Գարսոնին արգելել էր մասնագիտական գործունեությամբ զբաղվել` հեռախոսազրույցների ապօրինի գաղտնալսման պատճառով: Սակայն արդեն մարտին Գարսոնն Արգենտինայի Կոնգրեսի մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի խորհրդականի պաշտոն է ստացել, գրում է BFM.RU-ն:
Հիշեցնենք, Ասանժը ս/թ. հունիսի 19-ից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում: Նրան պետք է հանձնեն Շվեդիային, որտեղ մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ: Սակայն սկանդալային բացահայտումների հեղինակը մտավախություն ունի, որ եթե իրեն հանձնեն Շվեդիային, ապա այնտեղից էլ կարող են հանձնել ԱՄՆ-ին: Հայտնի ավստրալացին ենթադրում է, որ Նահանգներում իրեն նոր մեղադրանքներ կներկայացնեն, որոնց համար իրեն կարող են անգամ մահապատժի ենթարկել:
Դա թույլ չտալու համար Ասանժը քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորից:
Կիտոն հայտարարել է, որ մտադիր է մանրամասն վերլուծել WikiLeaks-ի հիմնադրի խնդրանքը եւ դրա համար ժամանակ է պահանջվում:




























