«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդը»` Կարեն Արայանը արդեն իններորդ օրն է, ինչ հացադուլի մեջ է, նա պահանջում է արդարություն, ազատություն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կարեն Արայանի մայրը՝ Մարինե Արայանը (ֆոտոռեպորտաժ): Հացադուլ հայտարարելուց հետո Կարեն Արայանի մի շարք ատյաններ բաց նամակ հղելուց հետո ոչ մեկից առայժմ արձագանք չկա, բացի ՄԻՊ-ից:

Նա նշեց, որ իր որդին գտնվում է անօրինական ազատության մեջ, եւ իրականում իր մեղավորությունն ապացուցող ոչ մի փաստ, ապացույց չկա, մեղադրանքն ամբողջությամբ հիմնված է Անժելա Սարգսյանի եւ նրա ընկերուհիների ցուցմունքների վրա:

Դրանից բացի, նրա խոսքով, դատական գործընթացն առաջ չի գնում, դատարանը վկաներին չի կարողանում բերման ենթարկել՝ պատճառաբանելով, թե քաղաքում չեն, այդ հասցեում չեն բնակվում եւ այլն, մինչդեռ, մոր խոսքով, այդ մարդիկ առավոտից երեկո խաղում են սերիալներում: Մարինե Արայանը պահանջում է, որ գոնե որդու խափանման միջոց կալանքը փոխվի:

Մարինե Արայանը տեղեկացրեց, որ գործի քննության շրջանակներում ստուգվել են Կարենի կայքերը, համակարգիչը, հեռախոսը, սակայն ոչ մի փաստ, ապացույց չեն գտել, մինչդեռ Անժելայի կայքերը, համակարգիչը չի ստուգվել: Նրա խոսքով՝ գործի քննության ընթացքւոմ պարզվել է, որ պոռնոնկարները տարածվել են երկու կայքերից, որոնք, պատկանում են Անժելա Սարգսյանին, այդ մասին, նրա խոսքով, խոստովանել է նաեւ Անժելա Սարգսյանը, բայց «հորինելով, որ այդ կայքերի գաղտնաբառերը գիտեր նաեւ Կարենը»:

«Եթե կգտնվի մի որեւէ փաստ, որը կապացուցի Կարենի մեղադրանքը, ես կողմ եմ, թող ամենայն խստությամբ, պատժվի Կարենը, ընդամենը Անժելայի եւ մի քանի ընկերուհիների ցուցումունքով ինչպես կարելի է մարդ նստացնել, երբ չկան փաստեր»,- ասաց մայրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կարեն Արայանը ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին եւ ԱԺ նախագահին ուղղված բաց նամակ է հղել բանտից, որում մասնավորապես նշվում է «Ես` Կարեն Արայանս, անհիմն մեղադրվում եմ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու եւ նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ, այսինքն` ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով եւ 144-րդ հոդվածով: Ողջ մեղադրանքը հիմնված է շինծու ապացույցների եւ ոչ ճիշտ որակված փաստերի վրա: Ես պնդում եմ, որ այդ արարքը կատարել է հենց ինքը` Անժելա Սարգսյանը, սակայն մինչ այօր չի ստուգվել նույնիսկ նրա համակարգիչը…Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչում, քանի որ ես ոչ մի պոռնկագրական բնույթի լուսանկար ոչ մեկին, ոչ մի կերպ չեմ փոխանցել ու չեմ ցուցադրել: Դատարանը նույնիսկ չի կարողանում վկաներին բերման ենթարկել դատական նիստերին եւ արդեն հինգերորդ ամիսն է, ինչ այդ պատճառով դատավարությունը հետաձգվում է ու չունի ընթացք: Մերժվել են իմ խափանման միջոց կալանքը վերացնելու եւ գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունները եւ 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչեւ այսօր ես գտնվում եմ ապօրինի կալանքի մեջ: Ուստի` ելնելով վերոգրյալից ես այսօրվանից կարել եմ բերանս ու հայտարարում եմ անժամկետ հացադուլ եւ պահանջում եմ արդարության վերականգնում: Ես հացադուլից դուրս կգամ այն ժամանակ, երբ կգտնվեմ ազատության մեջ»:

Նշենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը: Սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են եղել: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր նրա նախկին ընկերը` ոմն Կարեն Արայանը: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում:

Լուսանկարները ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել էին նկարահանվել Անժելայի հետ: 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի