Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամռան սկզբին բարեփոխումներ է սկսել երկրի ՆԳՆ-ում: Բելառուս լրագրողները հայտնում են, որ ընդդիմության հետ աշխատանքի համար պատասխանատու մի շարք պաշտոնյաներ արդեն ուղարկվել են «աքսոր», իսկ նրանց տեղում նշանակվել են Լուկաշենկոյի կադրերը` «ԿԳԲ»-ից:

Վարկածներից մեկ համաձայն, պատճառն այն է, որ երկրի նախագահը չի վստահում հարազատ ոստիկանությանը եւ նույնիսկ վախենում է սեփական կյանքի համար:

ՆԳՆ համակարգը բարեփոխելու մասին Լուկաշենկոն հայտարարել է հունիսի կեսերին: ՆԳՆ ղեկավար նոր կազմ նշանակելուց հետո, նա նշել է, որ «դրանք սովորական շարքային նշանակումներ չեն` հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»: Միաժամանակ Լուկաշենկոն հատուկ նշել է, որ բարեփոխման պատճառը բոլորովին էլ այն չէ, որ ինքը չի վստահում ոստիկանությանը: «Եթե ես չհավատայի ՆԳՆ-ին, ես նախարարին եւ նրա ենթականերին չէի հանձնարարի առաջարկներ ներկայացնել բարեփոխումների վերաբերյալ»,-ասել է նա:

Իսկ ահա Բելառուսի ՆԳՆ աղբյուրը «Մոսկովսկիե նովոստի»-ին հայտնել է, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է եւ իրավապահ մարմիններում վաղուց բոլորը խոսում են այն մասին, որ նախագահը չի վստահում ոստիկանությանը եւ խիստ վերահսկողություն է իրականացնում:

Նշենք, որ մայիսի 11-ին Լուկաշենկոն հրամանագրով աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Անատոլի Կուլեշովին, նրա փոխարեն նշանակելով ԿԳԲ-ական Իգոր Շունեւիչին:

Բելառուսի բազմաթիվ ընդդիմադիրներ հայտարարել են, որ հենց Շունեւիչն է իրենց հարցաքննել 2010-ի դեկտեմբերին Մինսկում զանգվածային ձերբակալություններից հետո:

Հատկանշական է, որ իր բոլոր այցելությունների ժամանակ, Բելառուսի նախագահն ուժեղացրել է իր պաշտպանությունը, իսկ ՆԳՆ համակարգի բարեփոխումներն էլ վստահել է ավագ որդուն: