Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը օգոստոսի 6-ից կզբաղեցնի Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Հարցին, թե որքանո՞վ է նոր պաշտոնը համապատասխանում այն հանգամանքին, որ ինքն ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչ է, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Հարցը բավական տաօրինակ է: Որպես ընդդիմության ներկայացուցիչ, պատգամավոր ես իմ ելույթներում պարբերաբար անդրադարձել եմ կրթության հարցերին, մատնանշել այդ ոլորտի թերությունները: Այս պաշտոնը հնարվորություն է քննադատությունից անցնել կառուցողական աշխատանքի»:
Նրա խոսքով, աշխատանքի ընթացքում ինքը բացառապես օբյեկտիվ մոտեցում է ցուցաբերելու: «Ես խոստանում եմ հասարակությանը, որ իմ գործունեության արդյունքը կլինի հրապարակային եւ թափանցիկ: Խնդիրները կլուծվեն, իսկ եթե այս կամ այն դեպքում դա չարվի, ես կհիմնավորեմ, թե ինչ պատճառով, որ օրենքից, նորմատիվային ակտից ելնելով այս կամ այն հարցը չի լուծվել»,-նշել է նա:
Բախշյանը վստահեցրել է, որ մտադիր է իր աշխատանքում լինել առավելագույնս օբյեկտիվ, իսկ դա, առաջին հերթին, նշանակում է իրական գնահատական առկա իրավիճակին եւ խնդիրների լուծման արդյունավետ որոնում:
Նշենք, որ մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ԿԳ նախարար Արմեն ԱՇոտյանը հայտարարել էր, որ «պատրաստ է համապատասխան ուշադրություն դարձնել Անահիտ Բախշյանի հնարավորություններին, նրա պրոֆեսիոնալ փորձին, աշխատասիրությանը»:




























